Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

16.09.2026 | 18:27

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ պատգամավոր Ռոման Համբարձումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց պարզաբանել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ընդդիմության շրջանառած պնդումները:

Վարչապետը հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ 2018 թվականից ի վեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսաստանցի այլ պաշտոնյաների հետ շփումներում Հայաստանի որևէ ներկայացուցիչ ռազմաբազան դուրս բերելու հարց երբևէ չի բարձրացրել:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Բիշքեկում արած այն հայտարարությանը, որ եթե Հայաստանն ուզենա, Ռուսաստանը դուրս կբերի բազան, Փաշինյանը հստակեցրեց իր դիրքորոշումը։

«Հայաստանը երբեք ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի, որ դուրս է բերում, Հայաստանը չի առարկի, որովհետև ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում չունի կենսական նշանակություն մեր երկրի համար: Իսկ եթե Ռուսաստանն ուզում է պահպանել այն, մենք պատրաստ ենք քննարկել»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment