Իրանում ծավալվող «հեղափոխության» ալիքը, ինչպես եւ ավելի վաղ ենթադրել էինք, մտել է հանդարտեցման փուլ: Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ Թեհրանը կարողացել է մինչեւ վերջ հաղթել ներքին թշնամուն: Այնպես, ինչպես չկարողացավ հաղթել անցած տարվա 12-օրյա պատերազմից հետո: Ներքին հակապետական բջիջները պարզապես այն ժամանակ մտան «քնեցման» փուլ, եւ, ինչպես այս նոր իրադարձությունները ցույց տվեցին, «արթնացան», երբ համապատասխան հրամանը դրսից եկավ: Եվ, ըստ ամենայնի, անկախ զոհերի եւ կալանավորվածների թվից, նույն բանն է նաեւ այսօր:
ԹԵՀՐԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻՑ
Կկարողանա՞ Թեհրանը մինչեւ վերջ հաղթահարել «գունավոր հեղափոխության» միտումները, առավել եւս, երբ կա նաեւ արտաքին ագրեսիայի միանգամայն հավանական վտանգը. դա միայն ժամանակը ցույց կտա: Սակայն այս բուռն իրադարձությունների ֆոնին նկատելի է, որ Թեհրանը սկսել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ռազմավարական կուրսը փոփոխության ենթարկել, ընդ որում, էական կոշտացման ուղղությամբ: Մեզ համար սա էական է նաեւ այն հանգամանքից ելնելով, որ այդ կոշտացումն ակնհայտորեն վերաբերում է նաեւ Հայաստանին:
ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի վերջին հայտարարություններն ասվածի վկայությունն են: Ընդ որում, Իրանը միշտ էլ աշխատել է հայաստանյան պետական կառույցներին, պատկան մարմիններին տրված գնահատականներում հանդարտության, կոռեկտության սահմանները որեւէ կերպ չխախտել: Ավելին, կոշտություն չի նկատվել նաեւ հայաստանյան գործող իշխանավորների այն քայլերի նկատմամբ, որոնք Թեհրանը կարող էր գնահատել` որպես Իրանի դեմ ուղղակի կամ անուղղակիորեն հասցեագրված: Եվ այդ ֆոնին, երբ դեսպանը սկսում է հնչեցնել միանգամայն կոշտ հայտարարություններ, դա արդեն իսկ սկսում է միանգամայն վտանգավոր ելեւէջներ ստանալ:
Դեսպան Շիրղոլամին նախ հիշեցրեց վերջին ժամանակներս Իրանի դեսպանատան շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիաների մասին, ընդ որում` պարզ տեսքով հայտնելով, որ թեեւ դիմել են ՀՀ պատկան մարմիններին, սակայն որևէ արձագանք չստանալով. «Մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը ՀՀ համապատասխան մարմիններին, այդ գործընթացը շարունակվում է… Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք հայ ժողովրդի և ՀՀ կառավարության կողքին, օրինակները շատ են, մենք այսօր շատ ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որն այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշում է Շիրղոլամին:
Ընդ որում, հայաստանյան իշխանությունների կողմից գործուն ռեակցիայի բացակայությունը մեղմ կլիներ տարօրինակ համարելը`ու միանգամից մի քանի իմաստով: Նախ, հայաստանյան իշխանությունները քանիցս ամենաբարձր դրվատանքով են խոսել ինչպես իրանական գործող իշխանությունների, այնպես էլ` հայ-իրանական հարաբերությունների վերելքի մասին: Եվ այդ ֆոնին, երբ Հայաստանում կարող են, օրինակ, բարձրաստիճան հոգեւորականների բանտ նստեցնել մի սովորական հայտարարության համար, եւ մատը մատին չի տրվում, երբ «հեղափոխական» բնույթի շարունակական ակցիաներ են արվում մի երկրի հասցեին եւ դեսպանատան դիմաց, որին համարում ենք ոչ միայն մեր դաշնակիցը, այլ նաեւ անվտանգային ուղղվածությամբ մեր կարեւորագույն հարեւանը, ապա դա արդեն դիտավոր անգործունեության տեսք է ստանում: Իսկ Թեհրանը, իհարկե, չի կարող անտեսել այն փաստը, որ նման ակցիաներ այս օրերին իրականացվեցին ու իրականացվում են Իրանի հանդեպ ամենաարմատական տրամադրություններ ունեցող երկրներում: Եվ այս ֆոնին, թերեւս, դեսպանի զգուշացումը, որ Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն, իհարկե, չափազանց լուրջ մեսիջ է:
Ընդ որում, այդ մեսիջը կարող է ունենալ նաեւ գործնական արտացոլում` հաշվի առնելով հետեւյալ նյուանսները: Նախ, որ ռազմավարական իմաստով Հայաստանը Իրանի համար ունի կարեւորագույն նշանակություն ոչ միայն տնտեսական, այլ նաեւ` անվտանգային տեսանկյունից` որպես դեպի Ռուսաստան տանող օղակ, նոր բան չէ: Երկրորդը. Իրանն արդեն իսկ քանիցս Ադրբեջանին ներկայացրել է որպես Իսրայելի հարազատ եւ իր հանդեպ թշնամություն տարածող կողմ: Այսինքն, որ Իրանի հյուսիսային սահմանները վտանգած են: Եվ այդ վտանգն ամբողջական կդառնա, ավելին, հյուսիսում Իրանը կունենա ընդհուպ ռազմական ցամաքային ներխուժման ամբողջական պլացդարմ, եթե Հայաստանը եւս ներգրավված լինի այդ հակաիրանական գործընթացում: Ու հիմա Թեհրանը, ի դեմս դեսպանի, հենց այդ մասին է խոսում. սկսում է ամբողջական վտանգ տեսնել իր ողջ հյուսիսային սահմաններով մեկ: Իսկ այս ամբողջությունն ընդամենը հայ-իրանական հարաբերություններում վստահության ճգնաժամի հարց չէ, այլ շատ ավելին: Իրանը, ըստ էության, իր ոչ թե նույնիսկ անվտանգության, այլ լինել-չլինելու կամ ինչպիսին լինելու հետ կապված վտանգի մասին է խոսում: Ու այստեղ մեզ համար շատ պարզ հարց է առաջանում` իսկ ի՞նչ է լինելու, եթե Թեհրանը որոշի, որ պետք է անխուսափելիորեն չեզոքացնի այդ վտանգը: Մինչդեռ իրողությունն այն է, որ եթե մինչ այս Ադրբեջանին էին դիտարկում, որպես «Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն», ապա, շնորհիվ նիկոլյան քաղաքականության, այդ թիրախավորումն արդեն Թեհրանը տեղափոխում է Հայաստանի վրա:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՀԱՍԿԱՑՐԵՑ ԴԵՍՊԱՆԸ
Երբ Իրանի դեսպանը կոշտ բառապաշարով խոսում է այս ամենի մասին, թերեւս նաեւ տպավորություն է առաջանում, որ Թեհրանը դեռ փորձում է կանգնեցնել, կանխել այն սցենարը, որտեղ Հայաստանն արդեն պրակտիկ կերպով ինչ-որ տարբերակով կներքաշվի կամ կօգտագործվի Իրանի դեմ ուղղված ռազմականացված սցենարների մեջ. իսկ Թեհրանին այլ տարբերակ չի մնա, քան պատասխան կամ նույնիսկ կանխարգելիչ հարված հասցնելը: Ու նաեւ կարելի է կռահել, որ եթե հրապարակայնորեն նման մեսիջներ են հղվում, ապա դրանք դիվանագիտական «փակ» շփումներում կունենան շատ ավելի կոշտ տոնայնություն: Կարելի է կռահել նաեւ, որ հայաստանյան իշխանավորներն այդ շփումներում կմնան իրենց յուրահատուկ պոպուլիստական ոճի մեջ, թե չէ, ի՞նչ եք ասում, Իրանը մեր լավագույն բարեկամն է, մենք ինչպե՞ս կարող ենք հակաիրանական որեւէ բան անել: Ու չնայած այն բանին, որ դեսպանը նաեւ ակնարկեց, որ այդ ոճն արդեն չի անցնելու: Այն իմաստով, որ հայաստանյան իշխանավորները նույն ոճի մեջ էին նաեւ «Թրամփի ուղի» խաղալով, երբ փորձում են համոզել, թե ի՞նչ վտանգ, ի՞նչ բան, այդ նախագիծը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Իրանի համար է շատ լավ: Բայց ահա դեսպանը հիմա ասում է. «Մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք վստահում ԱՄՆ-ին»: Այսինքն, եթե հայաստանյան իշխանավորները պետք է նույն ոճի մեջ մնան, ապա առնվազն Իրանի հետ հարաբերությունների ծայրահեղ վատթարացումը կարող է դառնալ ամենամեղմ հետեւանքը:
Մյուս կողմից, նիկոլյան թիմը կարո՞ղ է այլ ոճ ընտրել: Չնայած, ավելի ճիշտն այս հարցադրումն է. արդյոք նիկոլյան թի՞մն է նման հարցերում քաղաքական կուրս ընտրողը: Այսպես, այն, որ Իրանի դեսպանատան դիմացի ակցիաները հենց այնպես, օդից չընկան կամ ինչ-որ ինքնաբուխ գործողություններ չէին, դժվար չէ կռահել: Թեկուզեւ հաշվի առնելով, որ իրանական հին դրոշները, որոնք ունեին նաեւ այստեղի ցուցարարները, եւ որոնք կրում են ինչպես Իրանում, այնպես էլ այլ երկրներում ցույց անողները, ունեն միասնական ծագումնաբանություն. Հայաստանում հաստատ չես կարող մտնել խանութ եւ շահի ժամանակների իրանական դրոշ գնել: Այսինքն, որ այդ ակցիաները կառավարվում են ընդհանուր կենտրոնից, երեւի կասկած չի հարուցում: Նաեւ այն, որ այդ նույն կենտրոնից էլ գալիս են տարբեր պետություններին ուղղված հրահանգները` սրանք մեր մարդիկ են, հանկարծ ձեռք չտաք: Ու անկախ այն բանից, թե այդ ձեռք տալ-չտալը տվյալ երկրին որքանո՞վ է վնասաբեր:
Պարզ ասած, նիկոլյան իշխանավորները դժվար թե չհասկանային, որ Իրանի դեմ ցույց անողներին նման ազատություն տալը, այն էլ` դեսպանատան մեսիջներն անտեսելով, հարված են դառնալու հայ-իրանական հարաբերություններին, որով, կրկնենք, հենց իրենք են այդքան ոգեւորված: Եթե չեն գիտակցել, շատ վատ մեզ համար: Եթե գիտակցելով են դրան գնացել, ապա ամենահավանական տարբերակ է մնում, որ ենթարկվել են` «մերոնց ձեռք չտաք» հրահանգին: Իսկ նման հրահանգները, իհարկե, ամենեւին էլ միայն մի քանի ցուցարարի ձեռք տալ չտալով չէ, որ սահմանափակվում է: Դրանք որոշում են մի ամբողջ պետական քաղաքական կուրս, որը հանգում է այնպիսի ծանրագույն հետեւանքի, ինչպիսին է լավագույն հարեւանիդ հետ թշնամանքի գնալը:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Չնայած, Հայաստանի պարագայում դրսի հրամաններով սեփական երկրի շահերը ոչնչացնելը նոր բան չէ. բավական է հիշեցնել, որ Ռուսաստանի հետ ներկա գերճգնաժամը եւս առաջացավ ի շահ մյուսների եւ նման հրահանգների: Ու եթե հիմա Իրանի դեսպանը մտածում է, որ խոսել-համոզելով իրավիճակը կարող է նորմայավորման բերել, կարող է եւ խորը հիասթափության բախվել:
Կարճ ասած, սպասելի է, որ Իրանի հետ ունենալու ենք հարաբերությունների գերսրացման փուլ: Ինչպե՞ս է Հայաստանը դրա տակից դուրս գալու, դա արդեն կախված է նաեւ այն հարցից, թե ի՞նչ վերջնական հանգուցալուծում կունենան Իրանի շուրջ ձեւավորվող ներկա իրադարձությունները:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝