Հակառակը՝ որոշ բաներ լրացվել են, այսինքն՝ որոշակի փոփոխություններ եղել են դեպի դրական ուղղությամբ, ասել է Ավանեսյանը
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որի հետևանքով որևէ ծառայություն վճարովի դառնար։
«Ոչ, չեն փոխվել խաղի կանոնները։ Փաթեթը նույնն է մնացել։ Հակառակը՝ որոշ բաներ լրացվել են, այսինքն՝ որոշակի փոփոխություններ եղել են դեպի դրական ուղղությամբ։ Օրինակ՝ դեղերի ցանկի մեջ որոշ լրացումներ ենք արել»,- ասել է Ավանեսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։
Նրա խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն։
Անդրադառնալով մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարին՝ նախարարը նշել է, որ ընտրվել է այնպիսի մոդել, որը հավասարակշռություն կմտցնի պետության, գործատուի և աշխատողի միջև։
Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ 10 800 դրամ ապահովագրավճարից քաղաքացին կվճարի 2 հազար դրամ, որը նախատեսվում է ձևավորել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին չվճարված գումարի հաշվին, իսկ պետությունն ու գործատուն՝ 4 400-ական դրամ։