Այսօրվա Ազգային ժողովի հիթը թերևս հանդիսացավ ՔՊ-ական այն աղջնակը, որ պատմում էր իր դպրոցական տարիներից։ Ամենևին ո՛չ կարիք կա անդրադառնալու նրա ելույթի առանձին դրվագներին, ո՛չ էլ ողջունելի է այն ծաղրը, որը հնչում է նրա հասցեին, քանի որ այդ աղջիկն ընդհանրապես մեղավոր չէ, որ ինքը դարձել է պատգամավոր։
Առհասարակ այսօր լսելով շատ պատգամավորների ելույթներ, ընդ որում ոչ միայն իշխանական խմբակցությունը ներկայացնող, այլև ընդդիմադիր, կարելի է համոզվել, որ շատերը հայտնվել են ոչ այնտեղ, որտեղ պետք է լինեին։ Ազգային ժողովում նրանց ներկայության համար ոչ թե մեղավոր են իրենք, այլ այն ուժերը, որոնք այդ մարդկանց ներառել են իրենց ցուցակներում։
Ցավալիորեն Հայաստանում թյուր պատկերացում կա քաղաքականության մասին, ու ինչպես օրինակ՝ քաղաքական գործիչը, որը պատահաբար հայտնվելով վիրահատարանի սեղանի առջև կարող է սպանել հիվանդին, այդպես էլ բժիշկը, որը պատկերացում չունի քաղաքականությունից, հայտնվելով խորհրդարանում, կարող է արժեզրկել քաղաքականությունը։ Յուրաքանչյուր մարդ պետք է անի այն, ինչ կարողանում է, այն, ինչն իր մոտ ստացվում է, այն, ինչի բնատուր շնորհքն ունի։
Սակայն երբ մարդը հայտնվում է ոչ իր տեղում, դրանից տուժում է ոչ միայն պետությունը, այլև հենց ինքը։ Օրինակ՝ այսօրվա պատգամավորներից շատերը գուցե լինեին իրենց ոլորտների հիանալի մասնագետներ, ու որքան օգուտ կստանային թե՛ իրենք, թե՛ պետությունը ու թե՛ հասարակությունը, եթե այդ մարդիկ զբաղվեին իրենց գործով։ Բայց երբ քաղաքական ուժերի թեթև ձեռքով իրենք հայտնվեցին խորհրդարանում, ապա մեծ հարված հասցրեցին և՛ պառլամենտարիզմին, և՛ իրենց մասնագիտական ունակություններին։
Կյանքը ցույց է տվել, որ օրինակ՝ երբ լավ դերասանը (մասնագիտությունն ընտրված է պայմանական) ստանում է մանդատ, նա այդպես էլ չի դառնում պատգամավոր, սակայն դադարում է դերասան լինելուց, ու երբ այլ հանգամանքներում հասարակությունը կհիանար նրա արվեստով, կծափահարեր ու կմեծարեր, ոչ ճիշտ տեղում հայտնվելու դեպքում ուղղակի սկսում է ծաղրել։
Այնպես որ հարգելիներ, երբ ձեզ առաջարկում են համապատասխան տեղ որևէ քաղաքական ուժի նախընտրական ցուցակում, նախքան խելակորույս մանդատի հետևից վազելը, արժե մեկ րոպե մտածել, թեկուզ հանուն հենց ձեզ։