Նախկին նախարարները պահանջում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։

Դիմումը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացի միջազգային ներկայացման և լեգիտիմացման փորձերով։

Նախկին նախարարները պահանջում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը, ձևավորել դրա մշտադիտարկման և փաստագրման գործուն պետական մեխանիզմներ, ինչպես նաև հայկական ժառանգության պաշտպանության հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական և միջպետական հարթակներում։

Դիմումը ներառում է նաև Արցախի թանգարանային հավաքածուների պահպանության, դրանց իրավական կարգավիճակի փաստագրման և տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում հավաքածուների վերադարձի հարցի միջազգային օրակարգում բարձրացման պահանջը։

Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր։

Նամակի ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment