Թարթիչների երկարացումն աչքերին ավելի արտահայտիչ տեսք է հաղորդում, սակայն նոր հետազոտությունը նախազգուշացնում է, որ այդ միջամտության հաճախակի կիրառումը կարող է աչքերի հետ կապված մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ մաշկային տզերի՝ Demodex folliculorum-ի տարածման պատճառ դառնալ։
Թարթիչների երկարացման ազդեցությունն ուսումնասիրող հետազոտությանը մասնակցել է 16-28 տարեկան 345 կին։ Թարթիչների երկարացում կատարել էին նրանցից 86-ը․ վերջիններիս գրեթե կեսը միջամտությունից հետո նշել էր անհարմարության, աչքերի կարմրության, արցունքահոսության կամ քորի մասին։
Հետազոտողները նաև ինֆրակարմիր պատկերավորման միջոցով ուսումնասիրել են կոպերի փոքրիկ գեղձերը, որոնք արտադրում են աչքի մակերեսը պաշտպանող և խոնավեցնող յուղային բաղադրիչ։
Պարզվել է, որ այն կանանց շրջանում, որոնք թարթիչների երկարացում արել էին ավելի քան 10 անգամ, 85%-ի մոտ այդ գեղձերը խցանված էին, կամ բավարար քանակությամբ անհրաժեշտ յուղ չէին արտադրում։
25 կնոջից 24-ի մոտ հայտնաբերվել են մանր տիզեր
Հետազոտության մեկ այլ հատվածում մասնագետներն ուսումնասիրել են թարթիչների նմուշներ, որոնք վերցվել էին պարբերաբար թարթիչների երկարացում կատարող 25 կանանցից։
Նրանցից 24-ի մոտ հայտնաբերվել է Demodex folliculorum տեսակի մանր մաշկային տիզ։
Այս տզերը սովորաբար բնակվում են մազապարկերում և ճարպագեղձերի հարակից հատվածներում։ Նրանց առկայությունը պարտադիր չէ, որ խնդիր առաջացնի, սակայն չափից ավելի բազմացման դեպքում կարող են առաջանալ կոպերի գրգռվածություն և բորբոքային ախտանշաններ։
Հետազոտության մասնակիցների մեծ մասի մոտ նկատվել են հենց այդպիսի նշաններ՝ քոր, կարմրություն, կոպերի շուրջ այտուցվածություն, միմյանց կպած թարթիչներ և թարթիչների հիմքում թեփոտվող մաշկ։
Հետազոտողները ենթադրում են, որ թարթիչներիի հաճախակի երկարացումը կարող է Demodex-ի բազմացման համար նպաստավոր պայմաններ ստեղծել, որոնց թվում են կոպերի հիգիենայի խանգարումը և կոպերի շրջանում առաջացող փոփոխությունները։
Ըստ Ուկրաինայի Պիրոգովի անվան ազգային բժշկական համալսարանի ակնաբուժության բաժնի բժիշկ Տետիանա Ժմուդի՝ ավելի ու ավելի շատ տվյալներ են ի հայտ գալիս, որոնք ցույց են տալիս, որ այս միջամտությունը կարող է խնդիրներ առաջացնել աչքի մակերեսին, այդ թվում՝ գրգռվածություն, չոր աչքի համախտանիշ և կոպերի մեյբոմյան գեղձերի աշխատանքի խանգարում։
Միաժամանակ հետազոտողները չեն պնդում, որ թարթիչների երկարացումից պետք է ամբողջությամբ հրաժարվել։
Ժմուդը խորհուրդ է տալիս երկարացված թարթիչները օրական երկու անգամ մաքրել առանց կոնսերվանտների, հիպոալերգիկ գելով և թարթիչների մաքրման համար նախատեսված հատուկ խոզանակով։
Եթե հաստատվում է տզերով վարակվածություն, բժիշկը կարող է նշանակել հակամակաբուծային բուժում։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ HealthDay TV
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: