Հակակոռուպցիոն քրեական դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի գործով այսօրվա դատական նիստը կայացավ փաստաբան Տիգրան Եգորյանի բացակայությամբ։
Վանո Սիրադեղյանը մեղադրվում է այն բանի համար, որ կազմակերպել եւ ղեկավարել է զինված խումբ եւ կազմակերպել դիտավորյալ սպանություն։
Քանի որ Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, առարկել է, որպեսզի հոր մահից հետո քրեական գործը կարճվի, այլ կայացվի արդարացման վճիռ, ըստ էության, գործի քննությունը սկսվել է զրոյից, որպեսզի հաստատվի կամ հերքվի Վանո Սիրադեղյանի մեղավորությունը։
Այսօրվա նիստում հանրային մեղադրող Սարգիս Պապոյանը շարունակեց հետազոտել դեռ 90-ական թվականներին վերաբերվող քրեական գործում առկա գրավոր ապացույցները։ Նա տարբեր հատորներից հրապարակեց մեղադրանքին վերաբերելի հատվածներ։
Մասնավորապես, որ Երեւան-Նուբարաշեն-Վարդաշեն ճանապարհի եզրին վկաների մասնակցությամբ եւ ընթերակաների ներկայությամբ տեղազննություն իրականացնելու արդյունքում հայտնաբերվել են մարդկանց դիեր, մարմնի հատվածներ, զինվորական եւ քաղաքացիական հագուստ, տարբեր իրեր ու պարագաներ։
Հանրային մեղադրողը դատարանին ներկայացրեց նաեւ Վանո Սիրադեղյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ ԳԽ իրավական հարցերի պետական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանի գրեթե նույնաբովանդակ դիմումները գլխավոր դատախազին, ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատարին առ այն, որ իրեն համոզմունք ներշնչող տվյալներով ԳԽ նիստերում եւ մասսայական լրատվական միջոցներով ՆԳ նախարարի անօրինական գործունեությունը քննադատելու, կատարվող օրինախախտումներին սկզբունքային գնահատական տալու կապակցությամբ հետապնդումներ են սկսվել իր նկատմամբ։
Մասնավորապես, շուրջօրյա հսկողության տակ են վերցված ինչպես ինքը, այնպես էլ իր տունը։ Ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքներ են հասցվել իրեն, եւ որ հաստատված է իրեն հսկողության տակ պահելու, իր հանդեպ օպերացիա իրականացնելու վարկածի իսկությունը։
Նշված փաստերի վերաբերյալ Կիմ Բալայանը տեղյակ է պահել Շահնազարյանին, սակայն դրանից հետո էլ իր տան մոտ ՆԳՆ ներքին զորքերի աշխատակիցները ատրճանակի սպառնալիքով փորձել են ստուգման ենթարկել 16-ամյա իր տղաներին։
Հետեւաբար, վերջին փաստը խոսում է այն մասին, որ իր եւ ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովված չէ։
Վահե Դոլմազյանը այլ նիստերով եւս ծանրաբեռնված լինելու հիմնավորմամբ այսօրվա դատական նիստն ընդմիջեց։ Հաջորդը կկայանա նոյեմբերի 2-ին, ժամը 12։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: