Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս»-ի գործով դատավարությունը, այն ընթանում է հեռավար կարգով

Բաժանորդագրվել

Ընկերության ղեկավարությանը մեղադրում են հարկերը չվճարելու և Ռուսաստանից դրամական միջոցներ դուրս բերելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի Օստանկինյան դատարանում սկսվել է «Սպայկա-Ռուս» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ընկերության գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի գործով դատաքննությունը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։

Ընկերության ղեկավարությանը մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ոչ ռեզիդենտների հաշիվներին դրամական միջոցների փոխանցման արտարժութային գործառնություններ կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ։ Դատավարությունն ընթանում է հեռավար կարգով, քանի որ երկու գործարարներն էլ, որոշ տվյալներով, ներկայումս բնակվում են Հայաստանում։

Գործը հարուցվել է 2019 թվականի ապրիլին։ Քննության վարկածով՝ գործարարները Ռուսաստան մրգի և բանջարեղենի մատակարարման պայմանագրերով երկրից դուրս են բերել շուրջ 44 միլիարդ ռուբլի։ 2015–2018 թվականների ընթացքում, երբ իբր իրականացվել են մատակարարումները, Ռուսաստան է ներկրվել միրգ և բանջարեղեն պայմանագրերի արժեքի ընդամենը 2%-ի չափով։ Գործարքներից հարկերը մեղադրյալները նույնպես չեն վճարել։

Իրավապահների տվյալներով՝ դուրս բերված միջոցները ներդրվել են տարբեր ընկերությունների բաժնետոմսերում, ինչը որակվել է որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում։

Leave a comment