Զախարովան՝ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքների եւ 102–րդ ռազմակայանի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համոզված է, որ յուրաքանչյուր երկրի քաղաքացիներն իրենք պետք է պաշտպանեն այն, ինչ արժեքավոր է իրենց համար, և սա Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հայերի գործն է։

«Կան սարսափելի հանցագործություններ, բայց աստվածամարտությունն ու իր բոլոր միջոցներով ընթացող իսկական հալածարշավը դարավոր անեծք են։ Պատմությունը դա ապացուցում է»։

«Եվ հիմա չեմ կրկնի, ինքներդ կարդացեք սուրբ գրքերը և Աստվածաշունչը։ Եկեղեցու դեմ պայքարը, անշուշտ, աստվածամարտության եզրին գտնվող և հենց աստվածամարտության հասնող պայքար է։ Եվ, իհարկե, բոլորն էլ դարերի անեծքի տակ են ընկնելու», — ասել է Զախարովան։ Ընդ որում՝ նա պարզաբանել է, որ «անեծք» ասելով պարտադիր չէ հասկանալ ինչ-որ միստիկ իրադարձություն։

«Եվ պետք չէ մտածել, թե ինչ-որ միստիկ բան պետք է տեղի ունենա։ Հենց իրենց սեփական քաղաքացիների, մարդկանց կողմից են անիծվելու։ Ցավոք, ավա՜ղ», — նշել է նա։

Միաժամանակ, նրա խոսքով, գործընթացին արտաքին միջամտությունն ակնհայտ է։

«Մենք տեսնում ենք այն հանցավոր գործելակերպը, որն արտաքին դերակատարներն օգտագործում են այս գործընթացում։ Եվ սա արդեն պարզապես միջամտություն չէ, այլ այն ամենի հետևողական ոչնչացում, ինչը Հայաստանի քաղաքացիների համար հենարան է»։

Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը մտադիր է պահպանել 102–րդ ռազմակայանի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Մոսկվան ակնկալում է նույն մոտեցումը նաև Երևանից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայությունը կարգավորվում է համապատասխան պայմանավորվածություններով։ Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հարցը։

«Գյումրիում ռուսական ռազմակայանն առանցքային դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, և դրան այլընտրանք չկա», — կարծում է դիվանագետը։

Սա տարրական պարկեշտության հարց է․ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Երևանի տատանումների մասին։ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանությունների ներկայիս վարքագիծը համեմատել է խարխլված ամուսնության հետ, երբ մարդիկ, այնուամենայնիվ, շարունակում են միասին ապրել։

«Ասում են՝ հետո կորոշենք։ Իսկ ե՞րբ է այդ «հետոն»։ Երբ արդեն, ներողություն, կսկսեն կահույքը դուրս հանե՞լ։ Սա տարրական պարկեշտության հարց է։ Եթե խոսում ենք պարկեշտության մասին, ապա սա հենց այդ մասին է։ Այն կա՛մ կա, կա՛մ չկա»։

Ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարության այն պնդումներին, թե ԵՄ-ին անդամակցելու ուղեգիծը դեռ վերջնական ձևավորված չէ, Զախարովան նշել է, որ դրանք հակասում են նախորդ տարվա ապրիլին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին։

Ըստ «Արմենիա Սպուտնիկի» եւ «Նյուզ.ամ»-ի հրապարակումների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment