ԱԺ-ն հաստատել է Արարատ-Վեդի և Վանաձոր-Փամբակ համայնքների միավորումը (PAN.am)

Ազգային ժողովը 61 կողմ և 29 դեմ ձայներով հավանություն է տվել համայնքների խոշորացման նախագծին, որի ընդունմամբ Հայաստանում համայնքների թիվը կդառնա 62։

Արարատի և Վեդիի, ինչպես նաև Վանաձորի և Փամբակի համայնքները միավորվել են՝ ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք։ Ազգային ժողովը հաստատել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագծով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման հերթական փուլը։ Դրանով միավորվելու են Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները՝ իրենց կազմում ընդգրկված 32 բնակավայրով։ Լոռու մարզում միավորվելու են Վանաձոր և Փամբակ համայնքները՝ դրանց 22 բնակավայրով։

Այսպիսով, ընդունված օրենսդրական փոփոխությունները վերաբերել են ընդհանուր առմամբ չորս համայնքների 54 բնակավայրի, որոնց վերակազմավորման արդյունքում ձևավորվելու է երկու նոր՝ ավելի խոշորացված համայնքներ։ Նախաձեռնության ընդունումից հետո համայնքների ընդհանուր թիվը կազմելու է 62։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ նախկինում իրականացված միավորման 99 ծրագրերի արդյունքում 915 համայնքների փոխարեն ներկայում առկա է 64 միավորված համայնք, որոնցից 57-ը բազմաբնակավայր են։

Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին և մի քանի փուլով շարունակվել մինչև 2021 թվականը։ Այդ հինգ տարիների ընթացքում Հայաստանի 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 63 համայնք։

Leave a comment