ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել ընդունելու Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի առաջարկը՝ Հայաստանի քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին Կարապետյանը հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ հավելելով, որ արցախահայությունը ՀՀ–ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ:
«Մենք ուրախ ենք հանդիպելու, կընդունենք հրավերն ու կքննարկենք»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Կարապետյանը քննարկումների ձևաչափն էական չի համարել՝ ընդգծելով, որ դրանց առանցքում առաջին հերթին պետք է լինեն արցախահայության իրավունքների պաշտպանությունը և Հայաստանում նրանց սոցիալական խնդիրների կարգավորումը։
Նա հատկապես առանձնացրել է բնակարանային ապահովման հարցը՝ նշելով, որ անշարժ գույքի գների բարձրացման պայմաններում բազմաթիվ արցախցիներ գործող վարկային հնարավորությունների միջոցով չեն կարողանում բնակարան ձեռք բերել։ Կարապետյանը նաև ուշադրություն է հրավիրել գործազրկության խնդրի վրա, հատկապես Հայաստանի մարզերում բնակություն հաստատած արցախցիների շրջանում։ Նրա գնահատմամբ՝ այս խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է առանձին ծրագիր մշակել։
«Կարծում եմ՝ արցախահայությունը պետք է ունենա կազմակերպվածություն, որն իրեն կպահի նաև մշակութային առումով։ Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ ու նոր սերունդը կօգտագործեն բարբառը»,– նշել է Կարապետյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքը գերնպատակ է համարել, միաժամանակ շեշտելով, որ մինչև դրա իրագործումն անհրաժեշտ է պահպանել համայնքային և մշակութային կապերը։
«Արցախի հայությունը պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ՝ կազմակերպվածության համար»,– եզրափակել է Կարապետյանը։
Արցախի իշխանությունները Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ են սկսել։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ այդ խորհրդակցությունների նպատակն է պարզել, թե Հայաստանի քաղաքական ուժերն ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ։