Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները

Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշում է կայացրել դադարեցնել նրա լիազորությունները։

Նշենք, որ Սամվել Թադևոսյանը նախկինում ևս աշխատել է որպես դատավոր, սակայն 2023 թվականին, երբ նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, հրաժարական էր ներկայացրել և այդ կերպ խուսափել կարգապահական պատասխանատվությունից։

Հետագայում կարգապահական խախտում չունեցող դատավորի կարգավիճակով նա կրկին դիմել էր ԲԴԽ և վերադարձել դատական համակարգ։

Այժմ, փաստորեն, Սամվել Թադևոսյանը կրկին լքում է դատական համակարգը։

Factor TV-ն «Վեթինգ՝ ըստ ճաշակի. ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով»  հետաքննությամբ անդրադարձել է Սամվել Թադևոսյանի հետ կապված իրադարձություններին:

Մասնավորապես, 2023 թվականի հունիսին Արդարադատության նախարարությունը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել ՄԻԵԴ վճռի հիմքով չորս դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ Այդ դատավորներից մեկը Սամվել Թադևոսյանն էր։

ԲԴԽ-ում գործի քննությունից հինգ օր առաջ Թադևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի հետևանքով նրա լիազորությունները դադարեցվել են։

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարարության միջնորդությունը, դադարեցրել է կարգապահական գործով անցնող մյուս երեք դատավորների՝ Տիգրան Պետրոսյանի, Աստղիկ Խառատյանի և Արտակ Բարսեղյանի լիազորությունները։

ԲԴԽ-ի որոշման համաձայն՝ երեք դատավորները տարիներ առաջ վարույթ չէին ընդունել մի գործ, որը ենթակա էր քաղաքացիական դատարանի քննությանը։ Խորհուրդը գտել է, որ դատավորներն այդպիսով հեղինակազրկել են դատական համակարգը, իսկ նրանց վերագրվող կարգապահական խախտումն անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ։ Հետևաբար, նրանց լիազորությունները պետք է դադարեցվեին։

Սակայն հետագայում պարզվել է, որ հրաժարականի միջոցով հնարավոր կարգապահական պատասխանատվությունից խուսափած Սամվել Թադևոսյանին վերագրված նույն խախտումը համատեղելի է եղել դատավորի կարգավիճակի հետ։

Այս գործի քննությունից ամիսներ անց ԲԴԽ-ն նրան կրկին դատավոր է ընտրել։ Մինչդեռ, եթե Թադևոսյանի լիազորությունները դադարեցվեին կարգապահական խախտման հիմքով, այլ ոչ թե նրա հրաժարականի հետևանքով, նա կրկին դատավոր դառնալ չէր կարող։

Դատական օրենսգրքի համաձայն՝ նախկին դատավորը կարող է կրկին նշանակվել դատավորի պաշտոնում, եթե նրա լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտում թույլ տալու կամ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։

Այսպիսով, ստացվում է, որ Սամվել Թադևոսյանը հրաժարական ներկայացնելու միջոցով խուսափել է հնարավոր կարգապահական պատասխանատվությունից, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը նրան հնարավորություն է տվել դատավորի կարիերան շարունակել՝ փաստացի նոր էջից։

Մինչդեռ նույն գործի շրջանակում ԲԴԽ-ի առջև կանգնած մյուս երեք դատավորները զրկվել են դատավորի կարգավիճակից և դատական համակարգ վերադառնալու հնարավորությունից։

Արաքս Մամուլյան

Leave a comment