Հայկական երազանք․ Ծովից ծով հայություն և թասիբ

Կարծես ինչ-որ կերպ ինձ պատասխանատու եմ զգում գրել հայկական երազանքի մասին, շարունակել այս թեման։ Կարծում եմ՝ սա այն թեման է, որը կարող է կատալիզատոր դառնալ մեր վերափոխման համար։

Այս թեմայի մասին, ինչպես նշեցի, դեռևս վաղուց էի մտածում, սակայն սրա կարևորությունը և արդիականությունն ինձ համար բացահայտվեց կառավարության ներկայացուցչի արած հայտարարությունից հետո․ պարզվում է, Անկախության հռչակագրում նշված «համայն հայության իղձեր» հասկացությունը այլևս պարզաբանման կարիք ունի և հստակ չի։

Ես հինգ-վեց տարեկան երեխա էի, երբ Հայաստանը անկախանում էր։ Բնականաբար չէի կարող հասկանալ Անկախության հռչակագրի իրավական կամ քաղաքական բովանդակությունը։ Բայց հիշում եմ այդ օրերի զգացողությունը։ Հիշում եմ Արամ Մանուկյանին՝ Հռչակագիրն ընթերցելիս։ Եվ երեխայի իմ գլխում ամեն ինչ անհավանական պարզ էր. Արցախը մերն է։ Մենք լավն ենք։

Հայերը միավորվում են։ Հայաստանը մեծանում է։ Արդարությունը վերականգնվում է։

Գուցե սա մանկական պարզունակություն էր։ Բայց գուցե հենց այդ պարզության մեջ կար մի բան, որը հիմա կորցրել ենք՝ ներկայի և ապագայի նկատմամբ միասնական զգացողություն, միասնություն, միասնական և ընդհանուր հոգևոր վերելք և սլացք։

Մենք գիտեինք՝ դեպի ուր ենք գնում։ Մենք գիտեինք, որ պետք է ձմեռը մրսենք մի քիչ, որ հաղթենք, ես անձամբ գիտեի, որ պետք է նավթի լամպի տակ դասագիրք կարդայի, որ հաղթենք, ես գիտեի, որ դժվար էր, որովհետև պատերազմում ենք ու ուզում ենք հաղթել ու պետք է հաղթենք։

Եվ այստեղ, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական ուժի ամենախորքային սխալներից մեկն է։ Նրանք փորձում են հայ հասարակությանը հեռացնել նախկին ազգային պատկերացումներից՝ Արցախից, Արարատից՝ որպես քաղաքական խորհրդանիշից, երբեմն նաև այն ամբողջ պատմական լեզվից (խոսքը հայերենի մասին չէ բնավ), որով սերունդներ շարունակ հայությունն իրեն պատկերացրել է, որպեսզի լինի այդ բաղձալի խաղաղությունը։

Բայց այստեղ կա մի հիմնարար կանոն.

Եթե հասարակությունից վերցնում ես հին ազգային երազանքը, բայց նրա փոխարեն չես ձևակերպում նոր, ավելի հասուն և իրագործելի երազանք, առաջանում է իմաստային վակուում։

Ազգի հին երազանքը հանող ցանկացած քաղաքական համակարգ պատասխանատվություն ունի ձևակերպելու հաջորդը։ Իսկ Իրական Հայաստանի կոնցեպտը, նվազագույնն իմ համար, երազանք չէ և ժողովրդին վեհացնելու ներուժ չունի իմ խորին համոզմամբ։

Ցանկացած ժողովուրդ առանց երազանքի չունի ապագա։ Առանց երազանքի մարդիկ աստիճանաբար վերածվում են ժամանակի ու ռեսուրսների սպառողների։ Ապրում են, աշխատում, վարկ են փակում, տուն են գնում, արձակուրդ մեկնում, ծերանում, առողջապահական ապահովագրությունից օգտվում, բայց ժողովուրդը դրանից դեռ ուժեղ ժողովուրդ չի դառնում։

Ուժեղ ժողովուրդը սկսվում է այնտեղ, որտեղ հազարավոր ու միլիոնավոր մարդիկ կարողանում են պատասխանել մի պարզ հարցի.

Ի՞նչ ենք ուզում ստեղծել միասին, որը մեզանից յուրաքանչյուրից մեծ ավելի մեծ է (անգլերեն ավելի լավ է հնչում՝ bigger than me)։

Սա է հարցերի հարցը։

Ծովից ծով

Եկեք նաև անկեղծ լինենք։ Հայկական ազգային երևակայության մեջ երկար ժամանակ ապրել է «Ծովից ծով Հայաստանի» գաղափարը։ Արցախը, Արարատը, պատմական Հայաստանը, Տիգրան Մեծը կազմել են մեր հավաքական երևակայության մի մասը։

Ես նույնպես ունեցել եմ Ծովից ծով Հայաստանի երազանքը։ Ժամանակին նույնիսկ մտածում էի՝ Տիգրան Մեծը մի տեսակ արջի ծառայություն է մատուցել մեզ․ երկու հազար տարի առաջ ստեղծել է հսկայական Հայաստան և մեզ թողել մի քարտեզ, որի հետ սերունդները շարունակ համեմատել են Հայաստանի փոքրացած տարածքները։

Հետագայում սկսեցի այլ կերպ նայել դրան։ Տիգրան Մեծի գլխավոր ժառանգությունը գուցե ոչ թե նրա նվաճած տարածքներն են, այլ այն, որ հայկական պատմական հիշողության մեջ նա թողել է մեծության փորձառություն, այլ խոսքերով ասած՝ կայսերականություն, դարձրել է մեզ կայսերական ժողովուրդ։ Մենք պատմություն ունենք, որտեղ Հայաստանը ոչ միայն գոյատևել է, այլ նաև ազդեցություն է ունեցել։ Ոչ միայն պաշտպանվել է, այլ ընդարձակվել։

Կայսերական ազգերը երբեք չեն դադարում նվաճման ձգտել։ Նայենք Գերմանիային կամ Ճապոնիային։ Երկուսն էլ XX դարում ջախջախիչ պարտություն կրեցին, բայց նրանք չդադարեցին լինել նվաճողներ։ Ռազմական ուժի փոխարեն ստեղծեցին տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային նվաճումներ։

Ծովից ծով Հայաստանն իրականում երազած վիճակի լոկ արդյունքն է, ոչ թե շարժիչ ուժը։ Իրական շարժիչ ուժը մեծության ձգտումն է։ Ձգտումը՝ փոքր չմտածելու։ Չհաշտվելու միջակության հետ։

Մեր ներկայիս ժամանակում, «Ծովից ծով Հայաստանը» ոչ թե պետք է ջնջել մեր հիշողությունից, այլ վերաիմաստավորել։

Հայաստանի Հանրապետության սահմանները պարտադիր չէ հասնեն ծովից ծով, բայց հայկական ազդեցության–հայության ազդեցության սահմանները կարող է և պետք է հասնի ծովից ծով։ Ու դա բոլոր ոլորտներում։ Ու այստեղ է, որ պետք է Սփյուռքի անատոմիան փոխել և ստեղծել նոր ինստիտուտ, նոր կառույց, որը կհամախմբի և Սփյուռքին կտա նոր դեր ու դերակատարում, այլ ոչ թե կլինի բաղկացած ավանդական կուսակցություններից ու նրանց հարող տարբեր ընկերվարական և բարեգործական կառույցներից։

Սա կարող է լինել Ծովից ծով հայությունն իր Ծովից ծով ազդեցությամբ։

Իսկ ինչո՞վ շարժել այդ ամենը։ Եթե Ծովիվ ծովը արդյունք է, իսկ շարժիչ ուժը նվաճման ձգտումն, ապա վառելիքը դա թասիբն է։

Հայկական իրականության մեջ «թասիբով մարդ» կամ «անթասիբ մարդ» ձևակերպումները երբեմն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան երկար բարոյախոսությունը։

Բայց մենք նույնպես պետք է վերաիմաստավորենք թասիբը և պրոյեկտենք, ողջ հասարակության վրա, ողջ ժողովրդի վրա։ Հայկական թասիբը պետք է նշանակի.

արժանապատվություն,

պատասխանատվություն,

պահանջկոտություն սեփական անձի նկատմամբ,

և անհանդուրժողականություն միջակության նկատմամբ։

Թասիբ ամեն ինչում՝ դիվանագիտությունից մինչև դպրոց, բանակից մինչև շինարարություն։ Թասիբ ամեն ինչում և ամենուր։

Այստեղ կամա թե ակամա, հիշվում է վերջին տարիների best-seller գրքերից մեկի Power of Habit–ում ներկայացված մի օրինակ, երբ ոմն ընկերության նոր ղեկավարը կարողանում է էապես փոխել ընկերությունը ունենալով միայն մեկ նախապայման իր բոլոր աշխատողների համար՝ աշխատողների անվտանգությունը։ Ուշադրությունը սևեռելով բացառապես դրա վրա, նա կարողանում է ճահճից հանել այդ ընկերությունը և մղել դեպի հաջողություններ։

Ու այդ մեկ բանը, որը կարող է մեզ ստիպել վերափոխվել ու հաջողությունների հասնել, կարող է դառնալ հենց թասիբը․ թասիբ ամեն ինչում՝ դիվանագիտությունից սկսած և վերջացրած աղբահանությամբ։

Ընդամենը երեք օր առաջ Գանձասարում և Դադիվանքում օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ադրբեջանական կողմը հայկական այդ ժառանգությունը ներկայացրեց որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։

Թասիբի դրսևորում կլիներ, օրինակ, եթե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը որոշի, որ վաղվանից այդ թեմայով իր բոլոր հիմնական ելույթները հնչեցնելու է նաև անգլերեն՝ հանրությանը դիմելու համար։

Եթե որևէ պետության ներկայացուցիչը մասնակցել է այդ այցին և չի արձագանքել պատմական ժառանգության ինքնության խեղաթյուրմանը, կարելի է հրապարակայնորեն պահանջել այդ երկրի կառավարությունից պարզաբանում և դիրքորոշում։

Պահանջ։ Փաստաթուղթ։ Նամակ․ ամեն պատգամավորից նամակ․ ամեն պատգամավորից ռիլս թեգերով համապատասխան պետւթյան ԱԳ նախարարին։ Հարց։ Պատասխանատվություն։

Թասիբը գոռալը չէ։

Թասիբը դիմացինին ստիպելն է պատասխան տալ։

Նույն տրամաբանությամբ քաղաքացիական հասարակությունը կարող է որոշել, որ արժանապատվությունը ավելի բարձր արժեք է, քան հերթական դրամաշնորհը։ Եթե որևէ գործընկեր պետություն կամ կառույց մասնակցել է Հաջիեվի հայկական մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրմանը, հայկական ՀԿ-ները կարող են, իրենց իրավական պարտավորությունները հաշվի առնելով, հրապարակայնորեն ասել. մինչև պաշտոնական պարզաբանումը և ներեղությունը մենք այս համագործակցությունը կասեցնում ենք։

Այո, դա կարող է արժենալ ֆինանսական կորուստներ, բայց հենց դրա համար էլ դա թասիբ է։

Թասիբը արժեք ունի միայն այն ժամանակ, երբ պատրաստ ես դրա համար ինչ-որ գին վճարել։ Նայեք պարսիկներին, թե ոնց էին օրերով իրենց կյանքը վտանգում և դուրս գալիս և կանգնում կամուրջներին, որպեսզի չհարվածեն դրանց։ Ու օրերով դուրս էին գալիս փողոց՝ գիշերներով անգամ։ Այ դա թասիբի ընտիր դրսևորում է։

Եվ գիտեք, միշտ չէ որ այդ թասիբի առաջ մղումը պետք է ակնկալել կառավարությունից (անկախ նրանից թե ով է կառավարության ղեկավարող ուժը)։ Ցանկացած կառավարություն ավելի մեծ պատասխանատվություն է կրում և կաշկանդված է, և պարտավոր է ավելի զուսպ լինել, քան ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը։ Եվ այդ զպսվածությունը անթասիբություն չէ։

Իսկ ո՞րն է, վերջապես, հայկական երազանքը

Դա պետք է պատասխանի հայ ժողովուրդը՝ առաջին հերթին Սփյուռքը, հաշվի առնելով ներկայիս փխրուն և նուրբ քաղաքական իրավիճակը։ Բայց կարելի է վերանայել Ծովից ծովը, որպես Ծովից ծով հայություն, իսկ դրա շարժիչ ուժը նվաճման ձգտում, իսկ դրա վառելիքը Թասիբը։ Թասիբ ամեն ինչում։

Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment