Ադրբեջանական ՀԿ-ները զեկույցներ են ներկայացրել՝ ՀՀ հասցեին մեղադրանքներով․ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում արձագանքել է

ՄԱԿ-ի Բռնի անհետացման հարցերով հանձնաժողովը Ժնևում քննարկել է Հայաստանի կատարած աշխատանքը՝ Բռնի անհետացումներից բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի իրականացման, բռնի անհետացած անձանց ու նրանց ընտանիքների իրավունքների ապահովման ուղղությամբ։ Իրականացրած քայլերը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Նա առանձին պատասխանել է նաև զեկուցողների հարցերին, որոնք վերաբերել են ադրբեջանական ՀԿ-ների՝ ավելի վաղ ներկայացրած զեկույցներին և անհետ կորածների վերաբերյալ դրանցում նշված թվերին, հայտնում է Factor.am-ը:

ՀՀ ԱԳՄԱՆ պաշտոնյան ընդգծել է, որ հայկական կողմը չի համարում, թե հումանիտար հարցերը պետք է ներկայացվեն միակողմանի ձևով, ինչպես դա արել են ադրբեջանական ՀԿ-ները։ Նա հավելել է, որ հակամարտությունը տևել է տասնամյակներ․ Բաքվում դեռ պահվում է 19 հայ, իսկ 1990-ականներից մոտավորապես 800 հայ շարունակում է համարվել անհետ կորած, և հայկական կողմը պարբերաբար բարձրացրել է անհետ կորած հայերի խնդիրը։

«Ադրբեջանական ՀԿ-ների կողմից ներկայացված զեկույցները պարունակում էին մի շարք թվեր, և դրանցում չկա որևէ հստակություն, որը խոսում է դրանց վստահելիության մասին։ Այդ թվերը վերցված են ադրբեջանական աղբյուրներից, ոչ թե Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովից (ICMP)»,- ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալները տարբերվում են նաև Ադրբեջանի այլ մարմինների հրապարակած տվյալներից։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ շարժվել են այս հարցում համագործակցության ճանապարհով։

Աբիսողոմոնյանն արձանագրել է, որ բռնի անհետացումների դեպքերը ժամանակագրորեն ընդգրկել են 2020 թվականի 44-օրյա պատերազմը, 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, ինչպես նաև 2023 թվականին Արցախի 130,000 հայերի տեղահանությունը։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ հետևանքներն առաջացրել են զգալի հումանիտար, ինստիտուցիոնալ և իրավական մարտահրավերներ։

Նրա ներկայացմամբ՝ այս համատեքստում կարևոր զարգացումներից մեկն այն է, որ 2026 թվականի մայիսից ուժի մեջ է մտել ՀՀ նոր օրենքը՝ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած պայմաններում ու հանգամանքներում անհետ կորածների վերաբերյալ։ Աբիսողոմոնյանը կարևորել է նաև անհետ կորած անձանց նույնականացման մեթոդի ներդրումն ու նրանց ընտանիքների հետ տարվող աշխատանքը։

Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցությունը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ՝ հարցը դիտարկելով բացառապես որպես հումանիտար մտահոգություն։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը դրա համար բարենպաստ պայմաններ է ստեղծել։

Ավելի վաղ մի շարք ադրբեջանական ՀԿ-ներ զեկույցներ են ներկայացրել հիմնականում Արցախյան առաջին պատերազմի վերաբերյալ՝ Հայաստանի հասցեին հնչեցնելով տարբեր մեղադրանքներ։ Դրանցում նշվում է, թե «ներկայացված դեպքերը, այդ թվում՝ երեխաներին պատանդ վերցնելը և նրանց հետագա անհետացումը, տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում։ Այդ տարածքները 1990-ական թվականներից մինչև 2020 թվականը գտնվել են Հայաստանի վերահսկողության և վարչարարության ներքո»։

Այդ զեկույցներում նաև պնդվել է, թե իբր առկա են վկայություններ պատանդ վերցված երեխաների մարմիններից օրգաններ հեռացնելու վերաբերյալ։

ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչն իր հերթին լսումների ընթացքում հայտարարել է, որ արձանագրվել է բռնի անհետացման ավելի քան 50 դեպք՝ կապված 44-օրյա պատերազմի հետ, ինչպես նաև 10 դեպք՝ Լեռնային Ղարաբաղում 2023 թվականին։ Ներկայում մոտավորապես 170 հայ զինվորական և 19 հայ քաղաքացիական անձ համարվում է անհետ կորած։

Խաղաղության համաձայնագրի ընթացքի վերաբերյալ հարցին պատասխանելիս Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրն արդեն բանակցվել և վերջնականացվել է։ Այս փուլում մնացել է միայն այն ստորագրել և վավերացնել։

Այս պարագայում անհետ կորածների և համագործակցության վերաբերյալ դրույթներն արդեն համաձայնեցվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և, նրա գնահատմամբ, հարցն այժմ վերաբերում է համագործակցության ինստիտուցիոնալացմանը։

Քրեական գործերի կասեցման վերաբերյալ Աբիսողոմոնյանը նշել է, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, նման քայլ տեղի չի ունեցել։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միջազգային հայցերը հետ են քաշվելու՝ համաձայն 15-րդ հոդվածի։

Հայկական կողմի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ անհետ կորածների խնդիրը բարձրացվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում։ ՄԻԵԴ-ում վարույթները դեռ շարունակվում են, իսկ Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ ընդունել է հայկական կողմի առարկությունները, և Հայաստանը նաև իր առարկություններն է ներկայացրել ՄԻԵԴ-ի առջև։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել:

Leave a comment