ՆԱՏՕ-ի կործանիչները ոչնչացրել են Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահը։
Իշխանությունները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը, հավանաբար, Բելառուսից երեքշաբթի կեսգիշերն անց մուտք է գործել Լիտվայի հարավ՝ երկրի երկրորդ ամենամեծ քաղաք Կաունաս։
Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի ծագումը դեռևս պարզված չէ։
Երեքշաբթի առավոտյան անօդաչու թռչող սարքերի մասին ահազանգեր են հնչել մայրաքաղաք Վիլնյուսում և շրջակա տարածքում։
Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության առաքելությանը մասնակցող Լիտվայի զինված ուժերը և իտալացի օդաչուները ցուցաբերել են արագ և պատասխանատու արձագանք անօդաչու թռչող սարքի ներխուժմանը։
«Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ աճող ագրեսիան` նման պատրաստվածությունը կենսական նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար: ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ Լիտվան կպաշտպանի իր օդային տարածքը»,- հայտարարել է նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Մոսկվան չի մեկնաբանել միջադեպը։
Լիտվան իր հարավային և արևելյան սահմանի զգալի մասը կիսում է Բելառուսի հետ։
Դիտումների քանակ5