«Եվրոպան առաջարկելու շատ բան ունի։ Սակայն մրցակցությունն ուժեղանում է, և հաճախ այն անարդար է»․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարի 11-ին դիմեց Եվրամիության երկրների և արդյունաբերական ընկերությունների ղեկավարներին՝ Անտվերպենում Եվրոպական արդյունաբերական գագաթնաժողովին։
Գագաթնաժողովը նվիրված էր մրցունակությանը։ Եվրոպայի օրակարգում առաջնային է բյուրոկրատական բեռի նվազեցումը և եվրոպական ընկերությունների ծախսերի կրճատումը՝ էներգակիրների բարձր գների, մաքսատուրքերի և Չինաստանի հետ աճող մրցակցության ֆոնին։
Լեյենը կոչ արեց արագացնել արդյունաբերական թույլտվությունների տրամադրումը և իրականացնել կարգավորումների բարեփոխումներ՝ զգուշացնելով, որ թույլտվությունների և էներգետիկ նախագծերի ձգձգումները վտանգում են Եվրոպայի մրցունակությունը համաշխարհային տնտեսությունում։
«Չինաստանն այժմ գրեթե կրկնակի ավելի շատ մաքուր տեխնոլոգիա է արտահանում, քան մենք։ Սա պարզապես առևտրային վիճակագրություն չէ։ Սա ազդանշան է այն մասին, թե որտեղ է արդյունաբերական հզորությունը և որքան արագ կարող են փոխվել գլոբալ դիրքերը։ Հետևաբար իրավիճակը հրատապ է։ Մենք պայքարում ենք նոր գլոբալ տնտեսությունում մեր տեղը պահպանելու համար, և դա նշանակում է՝ միասին պետք է ուժեղ բիզնես հիմք ստեղծենք, որպեսզի դուք ընտրեք Եվրոպան։ Ձեր ապագան Եվրոպայում է»,- իր ելույթում նշեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ֆրանասիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հանդես եկավ Made in Europe («Արտադրված է Եվրոպայում») քաղաքականությունն ավելի ուժեղացնելու նախաձեռնությամբ։ ԵՄ շատ երկրներ, սակայն, համատեղ ոչ պաշտոնական փաստաթղթում նշել են, որ այս սկզբունքը ընկերությունների համար կարգավորումների ևս մեկ բարդ շերտ է ավելացնում։
Գագաթնաժողովին մասնակցում էին նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը:
ԵՄ առաջնորդները մրցունակության ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն փետրվարի 12-ին՝ Ալդեն Բիզենի ամրոցում ոչ պաշտոնական հանդիպմանը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կնախագահի հանդիպումը, որն ինքն անվանում է «ռազմավարական մտահաղացումների նիստ»։
Պաշտոնական եզրակացություններ չեն սպասվում, այս հանդիպումները գաղափարների քննարկման համար են՝ առանց եվրոպական գագաթնաժողովներին բնորոշ պաշտոնական ընթացակարգերի, և ծառայում են որպես հետագա քաղաքական որոշումների հիմք։
Լուսինե Վարդանյան, Բրյուսել, Բելգիա
The post Անարդար մրցակցություն, «Արտադրված է Եվրոպայում»․ ԵՄ առաջնորդները պայքարում են գլոբալ տնտեսությունում իրենց տեղի համար appeared first on CIVILNET.