Մոտ երկու օր տևած այդ մարտերի ընթացքում Հայաստանն ունեցավ ավելի քան կրկնակի անգամ ավելի շատ զոհ և մոտ տասն անգամ ավելի շատ տարածքային կորուստներ, քան ամբողջ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում. ՂՊՎՄ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի և այսօրվա ՀՀ կառավարության կողմից այդ իրադարձության նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի կապակցությամբ, ներկայացնում է իր հայտարարությունը

Սեպտեմբերի 13-ին լրացավ Ադրբեջանի կողմից Ջերմուկի ուղղությամբ իրականացված հարձակման՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի 4-րդ տարելիցը։ Ադրբեջանի զինված ուժերը մեր դեմ կիրառեցին հրետանի, ականանետեր, խոշոր տրամաչափի զինատեսակներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Մոտ երկու օր տևած այդ մարտերի ընթացքում Հայաստանն ունեցավ ավելի քան կրկնակի անգամ ավելի շատ զոհ և մոտ տասն անգամ ավելի շատ տարածքային կորուստներ, քան ամբողջ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում։

Ի տարբերություն 2016 և 2020 թվականների՝ 44-օրյա պատերազմի, ռազմական գործողությունները տեղի էին ունենում ոչ միայն սահմանային դիրքերի, այլև Հայաստանի տարածքի խորքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ։ 2022-ին ադրբեջանական զորքերը ներխուժեցին հենց Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք և պահպանեցին մի շարք դիրքեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր բարձունքներ են և գտնվում են անմիջապես Հայաստանի ներսում։

Հայաստանի իշխանությունները և միջազգային հարթակներում Հայաստանի ներկայացուցիչները, դա որակեցին որպես Ադրբեջանի լայնածավալ ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Եվ, հիրավի, դա այդպես էր։

Սակայն այսօր՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի 4-րդ տարելիցի օրը, նույն այդ կառավարությունը այն տոնի էր վերածել՝ նշելով որպես «Tour of Armenia»՝ Հայաստանի հեծանվային միջազգային առաջին մրցարշավի եզրափակչի օր։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության համոզմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և դրա հիշատակը մոռացության մատնելու, դրա պատճառների և հետևանքների համար պատասխանատվություն կրելուց խուսափելու փորձ, որն այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանական կլանին հաջողվում է, քանզի Հայաստանում գրեթե չկա քաղաքացիական հասարակություն, գրեթե չկա ազատ մամուլ, իսկ ընդդիմությունն էլ քարոզչական դաշտում բավարար չափով ակտիվ գործունեություն չի՛ ծավալում։

Հայաստանի կառավարությունը հաճախ է հայտարարում, թե 2022-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կորցրած տարածքների հարցը կլուծվի սահմանազատման և սահմանագծման գործընթացով։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության համոզմամբ՝ դա սուտ է և անիրատեսական, քանզի Ադրբեջանն իր կողմից երբեք չի՛ հաստատել դա, նման պարտավորություն ոչ մի տեղ չի ստանձնել, և ընդհակառակը, Ալիևը հայտարարել է, որ դուրս չեն գալու զբաղեցրած տարածքներից, քանզ դրանք ևս իրենցն են։

Հայաստանի կառավարությունը խուսափում է տարածքների վերադարձման հարցից, հստակ, առարկայական և իրատեսական ժամկետներ ու մեթոդներ չի ներկայացնում։

Սակայն դա էլ դեռ ամենը չէ։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության տեղեկություններով՝ ինչպես այդ մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված Նարեկ Մխիթարի Հակոբյանի, այնպես էլ մի շարք այլ հայորդիների ընտանիքների համար մինչև օրս անհայտ է, թե իրենց հարազատն ի՞նչու, ի՞նչպես և ի՞նչ հանգամանքներում է զոհվել։ Թե դա ի՞նչպես եղավ, մնում է չբացահայտված։

Որդեկորույս ծնողներն ու անհայր մնացած ընտանիքները ևս, պետության կողմից շարունակում են մնալ անտեսված։

 

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment