«Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտական կոնֆերանսի արդյունքները դարձան կարևոր հանգրվան ինչպես արվեստագիտության, այնպես էլ սարոյանագիտության ասպարեզում

ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱԱՄԻ (ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ) ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ ԿԱՅԱՑԱՎ «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ ԵՎ ԱՐՎԵՍՏԸ» 1-ԻՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

 Aravot.am – ի զրուցակիցն է Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը

 – Տիկին Ասատրյան, Երևանում անցկացվող «Սարոյանական օրերի» շրջանակում սեպտեմբերի 10-ին Արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ «Վիլյամ Սարոյանը և արվեստը» 1-ին հայ-ամերիկյան գիտական կոնֆերանսը։ Այն կազմակերպել էին Արվեստի ինստիտուտը և Սան Ֆրանցիսկոյում գործող Վիլյամ Սարոյան հիմնադրամը, որը 1966 թվականին ստեղծել է հենց ինքը՝ Վիլյամ Սարոյանը։ Խնդրում ենք ներկայացնեք կոնֆերանսի նպատակն ու առաքելությունը:

– Արվեստի ինստիտուտի և Սան Ֆրանցիսկոյում գործող Վիլյամ Սարոյանի հիմնադրամի միջև de facto համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2023 թվականին, երբ նոյեմբերի 17-18-ը կազմակերպվեց մեր առաջին համատեղ գիտական միջոցառումը՝ «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային երկօրյա միջգիտակարգային գիտական կոնֆերանսը, որը Սարոյանի հանճարի շուրջ համախմբեց սարոյանասերներին և սարոյանագետներին աշխարհի 6 երկրներից՝ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից (Նյու Յորք, Վաշինգտոն, Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Նյու Ջերսի), Ռուսաստանից (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգից), Մեծ Բրիտանիայից (Լոնդոն), Իսլանդիայից (Ռեյկյավիկ) և Սերբիայից (Բելգրադ):

«Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտական կոնֆերանսի արդյունքները դարձան կարևոր հանգրվան ինչպես արվեստագիտության, այնպես էլ սարոյանագիտության ասպարեզում: Կոնֆերանսը դարձավ նոր խոսք սարոյանագիտության ասպարեզում, առաջին քայլը արվեստագիտական սարոյանագիտության ուղղությամբ, մեծ ճանապարհի սկիզբը, որը մենք՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիլյամ Սարոյան հիմնադրամը՝ Սքոթ Սեդրակյանի ղեկավարությամբ, հաջողությամբ շարունակեցինք հետագայում:

2025 թվականին Վիլյամ Սարոյան հիմնադրամի աջակցությամբ հրատարակվեց Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանի «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը և հայ բեմը» մենագրությունը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2025թ․ սեպտեմբերին՝ «Սարոյանական օրերի» շրջանակում։

Եվ ահա այս տարի, Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի առաջարկությամբ Արվեստի ինստիտուտը ներգրավվեց «Սարոյական օրերի» ծրագրում։ Մենք էլ որոշեցինք առիթն օգտագործել և հանդես գալ ոչ թե մեկանգամյա միջոցառմամբ, այլ ազդարարեցինք «Վիլյամ Սարոյանը և արվեստը» հայ-ամերիկյան գիտական կոնֆերանսների շարքի մեկնարկը՝ ամեն տարի «Սարոյանական օրերի» շրջանակում մեկ քայլ առաջ մղելով արվեստագիտական սարոյանագիտությունը։

Եվ ահա սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ 1-ին կոնֆերանսը։

– Կոնֆերանսի ընթացքում Արվեստի ինստիտուտի և Վիլյամ Սարոյան հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր։

– Այո, մեր առաջարկությամբ՝ կոնֆերանսի բացման հանդիսավոր արարողության ընթացքում Հուշագրի ստորագրմամբ de jure ամրագրվեց Արվեստի ինստիտուտի և Վիլյամ Սարոյան հիմնադրամի միջև առկա շարունակական և արդյունավետ համագործակցությունը։ Հուշագրում ձևակերպվեցին համագործակցության հիմնական ուղղությունները՝ գիտահետազոտական նախագծերի իրականացում (Վիլ­յամ Սարոյանի դրամատուրգիայի, արվես­տի և գրական ժառանգության համատեղ գի­տական ուսումնասիրությունների իրականացում, գիտական հոդ­ված­ների, մենագրությունների և գի­տա­կան ժողովածուների պատրաստում ու հրա­տարակում), գիտական կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում (Վիլյամ Սարոյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գիտա­ժո­ղովների, սիմպոզիումների, վարպե­տու­թյան դասերի, հանրային դասախո­սու­թյուն­ների և ստեղծագործական երե­կո­նե­րի հնարավոր համատեղ կազմակերպում), երիտասարդ մասնագետների ներգրավում (հնարավոր աջակցություն և խթանում երիտասարդ արվես­տա­բան­նե­րի, երաժշտագետների ու թատերագետների մասնակցությանը սարոյա­նա­գի­տու­թյանը վերաբերող համատեղ ծրագրերին) և այլն։

 – Իսկ ովքե՞ր էին կոնֆերանսի մասնակիցներն ու որո՞նք էին ներկայացված զեկուցումների թեմաները։

– Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներից՝ Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո և Ֆրեզնո, ու Ֆրանսիայից։

Առավոտյան նիստում Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը «Վիլյամ Սարոյանի «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» պատմվածքների ժողովածուն» թեմայով բանախոսության մեջ խորությամբ դիտարկեց Սարոյանի՝ երբևէ առանձին գրքով չհրատարակված պատմվածքների «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» նորալույս ժողովածուն և ներկայացրեց դրա նախապատմությունը։ Բանախոսը համառոտ կենսագրական անդրադարձով լուսաբանեց Սարոյանի կյանքի այն 15-ամյա շրջանը, որի ընթացքում նա գրել է ժողովածուում ընդգրկված գրեթե բոլոր երկերը, քննության առավ տվյալ դարաշրջանի ամսագրային հրատարակչության համատեքստը, ինչպես նաև Սարոյանի ներդրումը՝ իր ստեղծագործությունները տպագրած պարբերականների խմբագրական քաղաքականության, ընթերցողական լսարանի և տնտեսական գործոնների լույսի ներքո:

Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը հանդես եկավ «Վիլյամ Սարոյանի արվեստագիտական նախասիրությունները․ երաժշտություն և կերպարվեստ» բանախոսությամբ։

«Վիլյամ Սարոյանի գրական ժառանգությունը հայերեն թարգմանությունների և հայկական հրատարակությունների համատեքստում» զեկուցման մեջ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Չուլյանը ի մի բերեց Սարոյանի հայերեն թարգմանությունների և հայկական հրատարակությունների ձևավորման ու զարգացման հիմնական փուլերը՝ խորհրդային շրջանից մինչև մեր օրերը։ Ուսումնասիրության հիմքում Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում պահպանվող շուրջ 60 անուն հայերեն հրատարակություններն են, որոնք լույս են տեսել Հայաստանում և Սփյուռքի հայկական տպագրավայրերում՝ Բեյրութում, Բոստոնում, Հալեպում, Կահիրեում, Ստամբուլում, Փարիզում, Լոս Անջելեսում և այլ կենտրոններում։ Բանախոսն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Սարոյանի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների միջոցով նրա գրական ժառանգության՝ հայ ընթերցողին փոխանցման գործընթացին՝ ընդգծելով նաև «Անտարես» հրատարակչության նշանակալի ներդրումը, որի կողմից հրատարակված Սարոյանի 19 գրքերից 18-ի թարգմանիչը կամ խմբագիրը Զավեն Բոյաջյանն է։

Հայերեն հրատարակությունների կողքին ներկայացվեցին Սարոյանին նվիրված գիտական ուսումնասիրությունները, ատենախոսություններն ու սեղմագրերը, ինչպես նաև մամուլի նյութերը՝ Սարոյանի Հայաստան կատարած այցելությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք հնարավորություն են տալիս դիտարկելու Սարոյանի ոչ միայն գրական, այլև հասարակական և մշակութային ներկայության ձևավորումը հայկական միջավայրում։

Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվես­տա­գի­տու­թ­­­յան թեկնածու, դոցենտ Մարիաննա Տիգրանյանը «Վիլյամ Սարոյան և Առնո Բաբաջանյան․ «Իմ սիրտը լեռներում է»․․․» զեկուցման մեջ քննության առավ հայ մշակույթի երկու երևելի դեմքերի՝ Վիլյամ Սարոյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ուղիների խաչաձևումները, որոնք առանձնահատկություն ստացան գրողի «Իմ սիրտը լեռներում է» պատմվածքի և դրա հիման վրա ստեղծված պիեսի շուրջ։ Բանախոսը համակողմանիորեն վերլուծեց ստեղծագործության գրական ակունքները, 1939 թվականի բրոդվեյան պրեմիերայի պատմությունը և դրա 1961 թվականի հայկական բեմադրության առանձնահատկությունները Գ. Սունդուկյանի անվան թատրոնում (ռեժիսոր՝ Վարդան Աճեմյան): Հատուկ ուշադրություն դարձնելով Առնո Բաբաջանյանի երաժշտական ձևավորմանը, շեփորի յուրահատուկ հնչողության ապահովման նորարարական լուծումներին (կավե սափորի որպես սուրդին կիրառում) և դրա համընդհանուր մարդկային խորհրդանիշին, Մ․Տիգրանյանը համառոտ անդրադարձ արեց ստեղծագործության միջազգային և տեղական այլ մարմնավորումներին՝ Ռուստամ Խամդամովի 1967 թվականի կարճամետրաժ ֆիլմին, Ջեկ Բիսոնի 1969 թվականի կամերային օպերային և 1975 թվականի «Հայֆիլմ»-ի էկրանավորմանը: Հետազոտությունը ցույց տվեց, թե ինչպես են Սարոյանի դրամատուրգիային բնորոշ կարոտն ու հայրենասիրությունը կատարյալ հնչյունային արտացոլում գտել Բաբաջանյանի երաժշտության մեջ։

Ֆրեզնոյի Հայկական թանգարանի հիմնադիր անդամ, Armenian Technology Group (ԱՄՆ) գործադիր տնօրեն Վարուժան Տէր-Սիմոնեանը (ԱՄՆ, Ֆրեզնո) «“SAROYAN: His Heart in the Highlands” պատկերազարդ ալբոմը՝ հիմնված Պողոս Պողոսյանի լուսանկարների վրա» բանախոսության մեջ քննության առավ Ֆրեզնոյի Հայկական ժառանգության թանգարանի կողմից հրատարակված այդ բացառիկ հատորը՝ բացահայտելով Սարոյանի աշխարհը լուսանկարների միջոցով։

Եշիվա համալսարանի պրոֆեսոր, երաժշտագիտության դոկտոր Նունե Մելիքյանը (ԱՄՆ, Նյու Յորք) անդրադարձավ Վիլյամ Սարոյանի և Առնո Բաբաջանյանի ընկերությանն ու թերթեց նրանց ստեղծագործական համագործակցության էջերը, որոնք խոր հետք են թողել հայ երաժշտության ու թատրոնի պատմության մեջ։

Առավոտյան նիստը եզրափակվեց Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանի «Իմերսիվ փորձառություն․ Վիլյամ Սարոյան» զեկուցումով։

Այնուհետև կայացավ Սարոյանի՝ 2025 թվականին Սանկտ Պետերբուրգում ռուսերեն թարգմանությամբ լույս տեսած «Քո կյանքի տարիները» («Годы Вашей жизни») գրքի շնորհանդեսը։ Գիրքը ներկայացրեց թարգմանիչը՝ Արամ Օհանյանը։

Երեկոյան նիստում (համանախագահներ՝ Լիլիթ Երնջակյան, Արարատ Աղասյան) արվեստագիտության թեկնածու Շուշանիկ Զոհրաբյանը (Ֆրանսիա, Փարիզ) «Վիլյամ Սարոյանի գրական եւ մշակութային ներկայությունը Փարիզի «Յառաջ» թերթի «Միտք եւ արուեստ» հավելվածում (1976–2009)» զեկուցման մեջ 351 համարների ամբողջական քննության արդյունքում բացահայտեց, որ Սարոյանի ներկայությունը կառուցվել է փոխկապակցված մշակութային հանգույցների միջոցով, որոնցում նրա ստեղծագործությունը դիտարկվել է տարբեր գեղարվեստական, գաղափարական և մշակութաբանական դիտանկյուններից։ Բանախոսի դիտարկմամբ՝ «Միտք եւ արուեստ»-ի էջերում Սարոյանը հանդես է եկել որպես գրող և թատերագիր, իսկ նրա ստեղծագործությունը՝ որպես գրականության, թատրոնի և կինոյի փոխհարաբերությունների, ամերիկահայ ինքնության, բազմալեզու սփյուռքյան գրականության և մշակութային հիշողության ուսումնասիրման դաշտ։ Նրա կերպարը ձեռք է բերում նաև տեսական և համեմատական գործառույթ՝ դառնալով ազգային պատկանելիության, սփյուռքյան փորձառության և մշակութային ինքնության մեկնաբանման հղման կետ։ Շ․Զոհրաբյանը ընդգծեց, որ 2008 թ. Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նյութաշարը համադրել է այս տարբեր շերտերը՝ նրա գրական, թատերական և կինեմատոգրաֆիական ժառանգությունը ներկայացնելով որպես փոխկապակցված ստեղծագործական ամբողջություն։ Հետևաբար, «Միտք եւ արուեստ»-ում Սարոյանի ներկայությունը կարելի է դիտարկել որպես նրա մշակութային կերպարի փոփոխվող ընթերցումների և սփյուռքյան մշակութային դաշտում դրա վերարժևորման գործընթաց։

Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանի «Վիլյամ Սարոյան և Վարազ (Վարազդատ Սամուելյան). հարատև բարեկամություն» զեկուցումը նվիրված էր Սարոյանի և քանդակագործ Վարազդատ Սամուելյանի (Վարազի) 25-ամյա ընկերությանը։ Բանախոսը վեր հանեց նրանց մտերմության ու ստեղծագործական առնչությունների ուշագրավ դրվագները՝ ներկայացնելով Վարազի 1965թ. նյույորքյան ցուցահանդեսի կատալոգի սարոյանական առաջաբանը, Վարազի կերտած Սարոյանի կիսանդրին (1984) և «Վիլլին և Վարազը. Հուշեր իմ ընկեր Վիլյամ Սարոյանի մասին» գրքույկը (1985)։

ԵՊՀ դասախոս, արվեստագիտության թեկնածու Հռիփսիմե Վարդանյանը «Վիլյամ Սարոյանի տեսողական արվեստը՝ որպես գրական ստեղծագործության զուգահեռ լեզու» զեկուցման մեջ նկատեց, որ Սարոյանի ստեղծագործության մեջ գրականությունն ու նկարչությունը հանդես են գալիս որպես փոխլրացնող արտահայտչաձևեր, որոնց միջոցով հեղինակը բացահայտում է մարդու ներաշխարհը, հիշողության և իրականության փոխհարաբերությունը։ Գրողի պատմվածքներում, վեպերում ու ինքնակենսագրական բնույթի երկերում ձևավորվող տեսողական պատկերայնությունը զուգահեռվում է նրա գրաֆիկական աշխատանքների պարզեցված, անմիջական և հաճախ ինքնաբուխ լեզվի հետ՝ ստեղծելով գրական և տեսողական մտածողության ընդհանրություն։ Այս առումով, բանախոսի դիտարկմամբ, Սարոյանի գծանկարներն ու թանաքային աշխատանքները կարելի է դիտարկել ոչ միայն որպես գրականությունից անկախ ստեղծագործություններ, այլև որպես նրա գրական աշխարհընկալման տեսողական շարունակություն, որտեղ գիծը, ինչպես բառը, դառնում է հիշողության, զգացողության և մարդկային փորձառության արտահայտման միջոց։ Բանախոսը համեմատություններ արեց և զուգահեռներ անցկացրեց Սարոյան գրողի և Սարոյան նկարչի՝ նույն ժամանակաշրջանի ստեղծագործությունների միջև, հասկանալու համար թե դրանք որքանո՞վ են արտահայտում տվյալ ժամանակահատվածը, իրավիճակը և ամենակարևորը՝ Սարոյանի ներաշխարհը և ինչ ընդհանրություն ունեն Սարոյանի նկարչությունն ու գրականությունը, ի՞նչ է թաքնված նրա տողերում և գծի տակ։

Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանի «Բառի և պատկերի միջև․ Վիլյամ Սարոյանի գրաֆիկական արվեստը» բանախոսությունը նվիրված էր Վիլյամ Սարոյանի գրաֆիկական արվեստի ուսումնասիրությանը՝ նրա գրական ստեղծագործության հետ փոխկապակցվածության համատեքստում։ Բանախոսն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Սարոյանի գրաֆիկական ստեղծագործությունների գրաֆիկական լեզվի առանձնահատկությունների բացահայտմանը։ Քննության առնելով 1960, 1962 և 1963 թվականներին ստեղծված վերացական հորինվածքները՝ Գ․Պողոսյանը բացահայտեց դրանց գեղարվեստական արտահայտչամիջոցների և մոտեցումների փոփոխությունները։

Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի կրտսեր գիտաշխատող, արվես­տա­գի­տու­թ­­­յան թեկնածու Ռուզաննա Միքայելյանի «Վիլյամ Սարոյանի կերպարը Հայաստանի մոնումենտալ քանդակագործության մեջ» զեկուցման նպատակն էր՝ բացահայտել գրողի կերպարի գեղարվեստական մեկնաբանության հիմնական առանձնահատկությունները, դիտարկել տարբեր քանդակագործների կիրառած պլաստիկական, հորինվածքային և խորհրդանշական լուծումները։ Երիտասարդ հետազոտողը քննության առավ Արա Շիրազի, Տիգրան Արզումանյանի և Դավիթ Երևանցու՝ Վիլյամ Սարոյանին նվիրված ստեղծագործությունները՝ հաշվի առնելով դրանց ստեղծման ժամանակաշրջանը, գեղարվեստական միջավայրը, նյութը, ձևը, մասշտաբը և ճարտարապետական միջավայրի հետ փոխհարաբերությունը։ Բանախոսն առանձին ուշադրություն դարձրեց դիմաքանդակի և մոնումենտալ հուշարձանի ժանրային առանձնահատկություններին, կերպարի հոգեբանական բնութագրման պլաստիկական միջոցներին, շարժման և դինամիկայի արտահայտմանը։

Վերլուծության արդյունքում Ռ․Միքայելյանը եզրակացրեց, որ քանդակագործները ձգտում են ոչ միայն վերարտադրել գրողի արտաքին նմանությունը, այլև բացահայտել նրա անհատականությունը, հոգեբանական նկարագիրը, ներքին էությունը և հայրենիքի հետ հոգևոր կապը։ Միաժամանակ, տարբեր ստեղծագործություններում ձևավորվում են Սարոյանի կերպարի տարբեր պլաստիկական մեկնաբանություններ՝ դիմաքանդակից մինչև ամբողջական մոնումենտալ կերպար։ «Վիլյամ Սարոյանի կերպարը Հայաստանի մոնումենտալ քանդակագործության մեջ հանդես է գալիս որպես անհատի, արվեստագետի և ազգային մշակութային հիշողության գաղափարների փոխկապակցման յուրահատուկ դրսևորում»,- եզրակացրեց բանախոսը։

Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվես­տա­գի­տու­թ­­­յան թեկնածու Արսեն Համբարձումովը ներկայացրեց «Գրական ստեղծագործության կինեմատոգրաֆիկ լինելու մասին (Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա)» զեկուցումը։

Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը «Վիլյամ Սարոյանը՝ Հենրիկ Մալյանի մեկնաբանությամբ («Խաղողի այգին», «Իմ անունը Արամ է»)» բանախոսության մեջ բացահայտեց Հենրիկ Մալյանի սարոյանական երկու բեմադրությունների առանձնահատկություններն ու ռեժիսորական լուծումները։

Կոնֆերանսը եզրափակվեց իմ՝ «Վիլյամ Սարոյանը ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի դիրեկտոր ակադեմիկոս Ռուբեն Զարյանի (1909-1994) հուշերում» բանախոսությամբ, որի համար հիմք էր ծառայել Զարյանի՝ «Մայրամուտից առաջ» հուշապատումի 4-րդ հատորում զետեղված հուշագրությունը։

«Վիլյամ Սարոյանը և արվեստը» 1-ին հայ-ամերիկյան գիտական կոնֆերանսը Երևանում «Սարոյանական օրերի» շրջանակում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների շարքում բացառիկ էր իր գիտական ուղղվածությամբ և նշանակությամբ։ Կոնֆերսանսի արդյունքները դարձան կարևոր հանգրվան արվեստագիտական սարոյանագիտության ասպարեզում:

Առաջիկայում կհրատարակվի «Վիլյամ Սարոյանը և արվեստը» 1-ին հայ-ամերիկյան գիտական կոնֆերանսի զեկուցումների ժողովածուն, որտեղ կտպագրվեն զեկուցումները՝ հայերեն ու անգլերեն լեզուներով։

 

Զրույցը՝ Սամվել Դանիելյանի

Լուսանկարները՝ Արվեստի ինստիտուտի պաշտոնական կայքէջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment