Ցեմենտի շուկայում առկա պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա հավելել է, որ «Արարատցեմենտը», անցնելով պետական կառավարման, աշխատում է առավելագույն հզորությամբ:
«Օգոստոս ամսին «Արարատցեմենտն» արտադրել է 95․3 հազար տոննա ցեմենտ, ինչը մոտ 16,000 տոննայով ավել է հուլիսի ցուցանիշից և ավելի քան 26,000 տոննայով էլ՝ հունիսի ցուցանիշից։
Ցեմենտի շուկայում առկա պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով։
Իմիջիայլոց, «Արարատցեմենտը» այսօր կա, գործում է որպես գործարան բացարձակապես Կառավարության և ԱԺ-ի այն որոշումների շնորհիվ, որոնցով դեռևս 2019թ. սկսած տուրք դրեցինք ներմուծվող ցեմենտի վրա, հետևաբար, եթե այս ռազմավարական որոշումը տարիներ առաջ կատարած չլինեինք, ապա այսօր առհասարակ ցեմենտ չէր լինի մեր շուկայում։»,- գրել է նախարարը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։Հայցադիմումով, ի թիվս այլ գույքի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք պահանջվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:
Դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և մոտ 106 մլրդ դրամ։