Դիվանագետների հետ Արցախ այցելած՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը սեպտեմբերի 14-ին Երևան կայցելի
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջանում հերթական խորհրդակցություններից հետո հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ին Երևանում հանդիպումներ կունենա Հայաստանի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Գրոնոն X-ի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 10-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին, ինչպես նաև նախագահի խորհրդականներ Հիքմեթ Հաջիևին և Էլչին Ամիրբեյովին։
«Ավարտեցի Ադրբեջանում հերթական կանոնավոր խորհրդակցությունների շարքը, որտեղ սեպտեմբերի 10-ին Բաքվում հանդիպեցի արտաքին գործերի նախարար Բայրամովին, ինչպես նաև նախագահի խորհրդականներ Հաջիևի և Ամիրբեյովի հետ»,- գրել է նա։
Concluded another series of regular consultations in 🇦🇿, where I met with Foreign Minister Bayramov, as well as with Presidential Advisers Hajiyev and Amirbayov in Baku on 10 September. (1/6)
— EUSR for South Caucasus and crisis in Georgia (@EUSR_SCCiG) September 13, 2026
Նա հավելել է, որ քննարկել են «ԵՄ աջակցությունը Հայաստան–Ադրբեջան երկկողմ խաղաղության գործընթացին, ներառյալ նախկին հակամարտության ժառանգությանը վերաբերող մարդասիրական ասպեկտները, ինչպես նաև կապակցվածության և տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ ջանքերը»։
Սեպտեմբերի 11–12-ին Գրոնոն, իր փոխանցմամբ, «առաջին անգամ մասնակցել է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած՝ դիվանագիտական համայնքի այցին դեպի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի՝ նախկին հակամարտությունից տուժած տարածքներ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով»։ Նա օգտագործել է Արևելյան Զանգեզուր եզրույթը, ինչպես օգտագործում է պաշտոնական Բաքուն՝ Քելբաջարի (Քարվաճառ), Լաչինի (Բերձոր), Ղուբաթլուի (Սանասար), Ջաբրայիլի (Ջրական) և Զանգելանի (Կովսական) շրջանների մասին խոսելիս։
«Մենք հնարավորություն ունեցանք շփվելու տեղական իշխանությունների, նախկին ներքին տեղահանվածների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Այս այցը ներառում էր նաև մշակութային և կրոնական ժառանգության տարբեր վայրեր, օրինակ՝ մզկիթներ և եկեղեցիներ»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ․ «Շարունակում են պահպանվել խորապես տարբերվող տեսակետներ և պատմույթներ, օրինակ՝ որոշ վայրերի ծագման վերաբերյալ, և դրանք պետք է քննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի նախկին հակամարտության այս կողմն էլ հաղթահարվի՝ նրանց ավելի լայն հաշտեցման ջանքերի շրջանակում»։
Deeply diverging views and narratives persist, for instance on origins of some sites and would need to be addressed between 🇦🇿 and 🇦🇲 to also overcome this aspect of past conflict as part of their broader reconciliation efforts. (5/6)
— EUSR for South Caucasus and crisis in Georgia (@EUSR_SCCiG) September 13, 2026
Գրոնոյի խոսքով՝ «նախկին հակամարտության չլուծված ժառանգության և բոլոր կողմերի կրած տառապանքների ճանաչումը» հաշտեցման համար «առաջնային նշանակություն կունենա»։ Նա հավելել է. «Ադրբեջանի գործընկերների հետ փոխանակումներից հետո այժմ անհամբերությամբ սպասում եմ վաղը Երևանում Հայաստանի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումներիս»։
Acknowledgement of outstanding legacies of past conflict and suffering on all sides would be paramount for this. Following exchanges with 🇦🇿 counterparts, now looking forward to my upcoming meetings with 🇦🇲 officials and civil society representatives tomorrow in Yerevan. (6/6) pic.twitter.com/GhsO62XGTO
— EUSR for South Caucasus and crisis in Georgia (@EUSR_SCCiG) September 13, 2026
Հիշեցնենք, որ դիվանագետների այցի ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաները Գանձասարի և Դադիվանքի հայկական միջնադարյան վանքային համալիրները ներկայացրել են որպես «կովկասաաղվանական» քրիստոնեական ժառանգության մաս։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը բնութագրել է որպես հին աղվանական քրիստոնեական ժառանգության բաղադրիչներ, ինչը հայկական մշակութային ինքնության վերագրման կամ փոփոխման հերթական փաստն է։