Դիվանագետների հետ Արցախ այցելած՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը սեպտեմբերի 14-ին Երևան կայցելի

Քաղաքականություն

Դիվանագետների հետ Արցախ այցելած՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը սեպտեմբերի 14-ին Երևան կայցելի

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջանում հերթական խորհրդակցություններից հետո հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ին Երևանում հանդիպումներ կունենա Հայաստանի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Գրոնոն X-ի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 10-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին, ինչպես նաև նախագահի խորհրդականներ Հիքմեթ Հաջիևին և Էլչին Ամիրբեյովին։

«Ավարտեցի Ադրբեջանում հերթական կանոնավոր խորհրդակցությունների շարքը, որտեղ սեպտեմբերի 10-ին Բաքվում հանդիպեցի արտաքին գործերի նախարար Բայրամովին, ինչպես նաև նախագահի խորհրդականներ Հաջիևի և Ամիրբեյովի հետ»,- գրել է նա։

Նա հավելել է, որ քննարկել են «ԵՄ աջակցությունը Հայաստան–Ադրբեջան երկկողմ խաղաղության գործընթացին, ներառյալ նախկին հակամարտության ժառանգությանը վերաբերող մարդասիրական ասպեկտները, ինչպես նաև կապակցվածության և տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ ջանքերը»։

Սեպտեմբերի 11–12-ին Գրոնոն, իր փոխանցմամբ, «առաջին անգամ մասնակցել է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած՝ դիվանագիտական համայնքի այցին դեպի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի՝ նախկին հակամարտությունից տուժած տարածքներ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով»։ Նա օգտագործել է Արևելյան Զանգեզուր եզրույթը, ինչպես օգտագործում է պաշտոնական Բաքուն՝ Քելբաջարի (Քարվաճառ), Լաչինի (Բերձոր), Ղուբաթլուի (Սանասար), Ջաբրայիլի (Ջրական) և Զանգելանի (Կովսական) շրջանների մասին խոսելիս։

«Մենք հնարավորություն ունեցանք շփվելու տեղական իշխանությունների, նախկին ներքին տեղահանվածների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Այս այցը ներառում էր նաև մշակութային և կրոնական ժառանգության տարբեր վայրեր, օրինակ՝ մզկիթներ և եկեղեցիներ»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ․ «Շարունակում են պահպանվել խորապես տարբերվող տեսակետներ և պատմույթներ, օրինակ՝ որոշ վայրերի ծագման վերաբերյալ, և դրանք պետք է քննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի նախկին հակամարտության այս կողմն էլ հաղթահարվի՝ նրանց ավելի լայն հաշտեցման ջանքերի շրջանակում»։ 

Գրոնոյի խոսքով՝ «նախկին հակամարտության չլուծված ժառանգության և բոլոր կողմերի կրած տառապանքների ճանաչումը» հաշտեցման համար «առաջնային նշանակություն կունենա»։ Նա հավելել է. «Ադրբեջանի գործընկերների հետ փոխանակումներից հետո այժմ անհամբերությամբ սպասում եմ վաղը Երևանում Հայաստանի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումներիս»։

Հիշեցնենք, որ դիվանագետների  այցի ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաները Գանձասարի և Դադիվանքի հայկական միջնադարյան վանքային համալիրները ներկայացրել են որպես «կովկասաաղվանական» քրիստոնեական ժառանգության մաս։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը բնութագրել է որպես հին աղվանական քրիստոնեական ժառանգության բաղադրիչներ, ինչը  հայկական մշակութային ինքնության վերագրման կամ փոփոխման հերթական փաստն է։

Leave a comment