Հոկտեմբերի 1ին հավաք կանցկացվի
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրուհի Սաֆարյանի իրազեկումը՝ ս.թ. հոկտեմբերի 1-ին Կարապի լճի հարակից տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ։
Հավաքի անցկացումը նախատեսվում է ժամը 18:00-ից մինչեւ 21:00-ը: Այն նպատակ ունի հիշատակել կնասպանության զոհերին, բարձրաձայնել ընտանեկան բռնության զոհերի սահմանափակ հասանելիությունը արդարադատությանը: Ակնկալվում է առավելագույնը 80 անձի մասնակցություն։
Ըստ իրազեկման՝ հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելու են պաստառներ, թռուցիկներ, ջրի վրա լողացող ջահեր, անձրևանոցներ, սեղան։ Հավաքի կարգադրիչները լինելու են երեքը։ Իսկ հավաքի ավարտից հետո ջրի վրա լողացող ջահերը կազմակերպիչները կհավաքեն իրենց ուժերով, որպեսզի չաղտոտեն շրջակա միջավայրը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի հետեւանքով մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: