Ո՞վ է Գյումրիում սպանված երիտասարդը

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրիում 26-ամյա երիտասարդի են սպանել։ Սպանության մեջ կասկածվում է նրանց 67-ամյա հարևանը, որը, ըստ ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվության, վիճաբանության մեջ է  մտել ավտոմեքենան կայանելու թեմայով, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, այնուհետ դանակահարել է 26-ամյա տղային ու նրա 57-ամյա հորը։

Հայրն այս պահին Գյումրի բժշկական կենտրոնում է, վերակենդանացման բաժանմունքում է։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, շոկային վիճակում ու միանգամից տարել էին վիրահատության։

26-ամյա երիտասարդը՝ Միշա Սիմոնյանը, մասնագիտության կինեզիոլոգ է, աշխատում էր «Med SI» բժշկական կենտրոնում։

Միշան այդ կենտրոնի էջում տեղադրված հայտարարության մեջ ներկայացրել է թե՛ իր կենսագրական տվյալները և թե՛ իր առաքելությունը։ Նա իր նպատակն է համարել  մարդկանց առողջությունը, շարժունակությունը ու հոգեկան  բարեկեցությունը վերականգնելը ու այնպիսի միջավայր ստեղծելը, որտեղ նրանք կզգան հոգատարություն, աջակցություն, վստահություն։

Նա այսպես է ներկայացրել իրեն․ «Բարև Ձեզ։ Ես Միշան եմ՝ կինեզիոլոգ և իմ աշխատանքը նվիրված է մարդկանց առողջության և բարեկեցության առաջընթացին։ Մասնագիտությամբ ես զբաղվում եմ շարժողական թերապիայով՝ աշխատելով տարբեր մարդկանց հետ՝ մարզիկներից մինչև այն անձինք, ովքեր գտնվում են վերականգնման փուլում։ Իմ նպատակը նրանց կենցաղային խնդիրները հաղթահարելուն աջակցելն ու վերականգնողական գործընթացը հնարավորինս արդյունավետ դարձնելն է։

Կրթություն և փորձ

Ես ավարտել եմ Բժշկական քոլեջը, անցել եմ վերապատրաստումներ կինեզիոլոգիայի բաժնում՝ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք կիրառում եմ օրվա ընթացքում՝ աշխատելով տարբեր հիվանդությունների և վնասվածքների դեպքում։ Սկսած առաջին աշխատատեղից մինչ այժմ՝ ես ունեցել եմ հնարավորություն աշխատելու մարզիկների, աշխատող մարդկանց և տարեցների հետ՝ օգնելով նրանց բարելավել կյանքի որակը՝ կիրառելով տարբեր կինեզիոլոգիական մեթոդներ։

Մոտեցում

Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդու մարմինը ունի ներուժ վերականգնման համար, և իմ նպատակն է օգնել բացահայտել այդ ներուժը՝ օգնություն տրամադրելով այնպես, որ այն դառնա բնական և ամուր։ Ամենահետաքրքիր և միաժամանակ բավարարող պահը այն է, երբ հաճախորդն իսկապես տեսնում է ու զգում իր ուժը՝ հիվանդությունից կամ վնասվածքից վերադառնալով լիարժեք կյանքի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment