Բաքուն դիվանագետներին Արցախ է տարել (PAN.am)

Պաշտոնական Բաքուն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար երկօրյա այց է կազմակերպել Արցախ և «Արևելյան Զանգեզուր»:

Ուղևորությանը մասնակցել է 58 երկրի և ինը միջազգային կազմակերպության մոտ 150 ներկայացուցիչ։ Պատվիրակությանն ուղեկցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում է Minval.az-ը:

Դիվանագետներն այցելելու են Ստեփանակերտ, Շուշի, Աղդամի և Քարվաճառիի շրջաններ, որտեղ ծանոթանալու են «իրականացվող վերականգնման և ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության օբյեկտների վիճակին»։

Սա 2020 թվականից ի վեր դիվանագիտական կորպուսի 22-րդ այցն է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախ:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a comment