Journal of Voice ամսագրում վերջերս հրապարակված հետազոտությունը նախազգուշացնում է՝ մարդու ձայնի փոփոխությունները կարող են դառնալ ուղեղի աշխատանքի վատթարացման և դեմենցիայի վտանգի մասին հուշող վաղ ազդանշաններ։
Հետազոտության հեղինակները հայտնել են, որ լսողության կորուստ չունեցող մարդկանց շրջանում ձայնի որակի վատթարացումը 58%-ով բարձրացնում է նրանց մոտ ճանաչողական խանգարումների և դեմենցիայի զարգացման հավանականությունը։
Իսկ միաժամանակ ձայնի խնդիրների և լսողության կորստի առկայության դեպքում այդ վտանգը կրկնապատկվում է, ցույց են տվել ուսումնասիրության արդյունքները։
«Ձայնի խանգարումները կարող են թուլամտության ավելի վաղ և ավելի ուժեղ ազդանշան լինել, քան միայն լսողության կորուստը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Ֆիլադելֆիայի Դրեքսելի համալսարանի բժշկական քոլեջի նախագահ դոկտոր Ռոբերտ Սատալոֆը։
«Դեմենցիայի հետ ամենաուժեղ կապը հայտնաբերեցինք միաժամանակ ձայնի խանգարում և լսողության կորուստ ունեցող մարդկանց շրջանում։ Սակայն կարևոր է նաև այն, որ ձայնի խանգարում ունեցող, բայց լսողության կորուստ չունեցող մարդկանց մոտ ռիսկն ավելի բարձր էր, քան միայն լսողության կորուստ ունեցող անձանց դեպքում»,- նշել է նա։
Լսողության կորուստն արդեն համարվում է դեմենցիայի ռիսկի գործոն
Լսողության կորուստը նախկինում արդեն ճանաչվել է որպես դեմենցիայի ռիսկի գործոն։ Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լսողական սարքեր օգտագործող մարդկանց մոտ ուղեղի ճանաչողական գործառույթների վատթարացման հավանականությունն ավելի ցածր է, քան այն մարդկանց շրջանում, որոնք լսողական սարքեր չեն օգտագործում։
Սակայն նոր հետազոտության հեղինակները ենթադրել էին, որ դեմենցիայի հետ կարող են կապված լինել նաև ձայնի խանգարումները։ Դրա համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ ուղեղի այլ դեգեներատիվ հիվանդություններ, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդությունը, հաճախ ուղեկցվում է ձայնի փոփոխություններով։
Հետազոտողները նշում են, որ Պարկինսոնի հիվանդությամբ մարդկանց 75-90%-ի մոտ հիվանդության ընթացքում կամ նույնիսկ դրա այլ ֆիզիկական նշանների ի հայտ գալուց առաջ զարգանում են ձայնի որակի և խոսքի հստակության վատթարացում։
Ավելի քան 833 հազար մարդու տվյալներ
Նոր ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերլուծել են 50 և բարձր տարիքի ավելի քան 833 հազար մարդու տվյալներ՝ համեմատելով ձայնի խանգարումներ ունեցող և նման խնդիր չունեցող մարդկանց ուղեղի առողջությունը։
Պարզվել է, որ ձայնի խանգարում ունեցող մարդկանց խնդրի ախտորոշումից հետո մեկ տարվա ընթացքում ճանաչողական գործառույթների նվազման ռիսկն ավելի բարձր էր։
Միաժամանակ հետազոտողները հաստատել են նաև լսողության կորստի և ճանաչողական գործառույթների նվազման միջև նախկինում արձանագրված կապը․ միայն լսողության կորուստն ասոցացվել է ճանաչողական անկման 27%-ով բարձր ռիսկի հետ։
Իսկ լսողության կորստի և ձայնի խանգարման համակցությունը կապված էր ուղեղի ճանաչողական գործառույթների վատթարացման ավելի քան կրկնակի բարձր ռիսկի հետ։
Այս խմբի մարդիկ նաև ավելի մեծ տարիքի էին և ավելի հաճախ էին ունենում առողջական այլ խնդիրներ, այդ թվում՝ բարձր զարկերակային ճնշում, սրտի հիվանդություններ և 2-րդ տիպի դիաբետ։
Ինչո՞ւ կարող է ձայնի փոփոխությունը կապված լինել դեմենցիայի հետ
Ուսումնասիրությունը չի ունեցել այն հարցին պատասխանելու նպատակ, սակայն գիտնականները մի քանի հնարավոր վարկած են առաջադրում։
Դրանցից մեկը սոցիալական մեկուսացումն է։ Ձայնի խանգարումը կարող է դժվարացնել շփումը, ինչի հետևանքով մարդը սկսում է ավելի քիչ մասնակցել սոցիալական և մտավոր ակտիվություն պահանջող գործունեությանը։
Մեկ այլ հնարավոր բացատրությունն այն է, որ ձայնի խանգարումների և հետագայում ճանաչողական նվազման հիմքում կարող են լինել նույն կենսաբանական գործընթացները։
Ե՞րբ է պետք դիմել բժշկին
Գիտնականների խոսքով՝ եթե մարդը նկատում է իր խոսքի կամ ձայնի փոփոխություններ, չարժե դրանք անտեսել։
«Այսպիսի խնդիրներ ունեցող շատ մարդկանց համար կարող է օգտակար լինել դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի, որը կարող է կազմակերպել նաև ճանաչողական գործառույթների գնահատում և օգնել մշակել համապատասխան խնամքի ու բուժման ծրագիր»,- նշել է Սատալոֆը։
Այսպիսով, ձայնի հանկարծակի կամ աստիճանաբար զարգացող փոփոխությունը միշտ չէ, որ պարզապես ձայնալարերի կամ տարիքային փոփոխությունների հետևանք է։ Այն կարող է լինել առողջական այլ խնդիրների, այդ թվում՝ նյարդաբանական փոփոխությունների մասին հուշող ազդանշան, և դրա պատճառը պարզելը կարևոր է մարդու հետագա կենսագործունեության ճիշտ կազմակերպման համար։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Դրեքսելի համալսարանի մամուլի հաղորդագրություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: