Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջվում է հրապարակային ներողություն և 3 միլիոն դրամ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ դատական վեճի պատճառ են դարձել նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հրապարակային ելույթում հնչեցված հայտարարությունները։

Գործարարը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պարտավորեցվի ուղիղ եթերով և տեսաձայնագրության միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել մայիսի 29-ին իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Հայցադիմումում հատուկ ընդգծված է, որ հայտարարությունը պետք է հնչի բացառապես սահմանված տեքստով՝ առանց որևէ մեկնաբանության կամ հավելման։

Բացի հրապարակային ներողությունից, Սամվել Կարապետյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից որպես վիրավորանքի փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը, այդ թվում՝ պետական տուրքն ու փաստաբանական ծառայությունների վարձատրությունը։

Սեպտեմբերի 9-ին ստացված հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment