Նոյեմբերի 1-ից քաղաքացիները կկարողանան առցանց նախագրանցվել և դիմում ներկայացնել կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«2026 թվականի նոյեմբերի 1-ից ամբողջովին կգործարկվի կենսաչափական համակարգը, կկարողանանք այդ օրվանից սկսած արդեն գրանցել քաղաքացիներին նույնականացման քարտերի և բիոմետրիկ անձնագրերի տրամադրման համար»,- նշել է ՆԳՆ ղեկավարը։
Գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ նոր համակարգի շրջանակում սպասարկման գրասենյակներ են գործելու ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, այդ թվում՝ Երևանի երկու խոշոր առևտրի կենտրոններում։ Նախատեսվում է, որ քաղաքացիները մի քանի րոպեում կհանձնեն կենսաչափական տվյալներն ու կավարտեն գործընթացը։
Սահմանվել են նաև փաստաթղթերի արժեքները․ նույնականացման քարտի գինը կազմելու է 5,950 դրամ, իսկ կենսաչափական անձնագրինը՝ 28,650 դրամ։ Արփինե Սարգսյանի շեշտադրմամբ՝ պետությունը ծառայությունների ինքնարժեքի վրա հավելյալ շահույթ չի ավելացրել։
Անդրադառնալով Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարարն առանցքային է համարել սահմանների համալիր կառավարումն ու ռիսկերի գնահատման նոր համակարգին անցումը։ Ծրագրվում է նաև Սահմանների օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, իսկ սահմանապահ ծառայողների մասնագիտական պատրաստումն իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում։