«ՄՌՏ հետազոտությունից հրաժարումը ձևական օրակարգ է․ դա կարող է արդիական լինել, եթե մարդն ասում է՝ վատառողջ եմ, ասում են՝ եկեք, ստուգենք, նա հրաժարվում է։ Բայց եթե անձը մոտ 10 անգամ իրենց բոլոր պահանջները կատարում է և 154 -րդ անգամ ՄՌՏ հետազոտությունից հրաժարվում, հետևաբար հրաժարվում է ՄՌՏ-ի՞ց»,- ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ մինչև 2025-ը մեղադրող կողմը չի ասել, որ իրենց կատարած եզրակացությունները և առողջապահական կոնսիլիումի եզրակացությունները չեն համապատասխանում իրար․ «Ձևական ասում էին՝ եկեք նորն անենք, տեսնենք հիմա ինչ վիճակ է։ 2026-ին, երբ Գագիկ Խաչատրյանին ամենավատ ձևով պատգարակի վրա տեղափոխեցին և դրեցին ոչ բժշկական գազելի հատակին, ձերբակալեցին, տարան քննչական կոմիտե, հետո դատարան, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը, երկրորդ անգամ էլ դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը։ Այդ ժամանակ իր վիճակը բավականին վատթարացել էր նաև իրենց մեղավորությամբ, որ թույլ չէին տալիս վիրահատություն։
Գագիկ Խաչատրյանը ՄՌՏ հետազոտություն անցնում է հատուկ քնեցման միջոցով, որը հետագայում նրա առողջական վիճակի վրա բացասական ազդեցություն է ունենում։ Իրենց պահանջով, երբ 2 ՄՌՏ հետազոտություն անցանք, Աստղիկ ԲԿ բժշկին քննիչի ներկայությամբ հարցրինք՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը ևս մեկ անգամ այդ ՄՌՏ հետազոտության կատարման արդյունքում բացասական ազդեցություն չի ունենա, նա ասաց, որ չի կարող երաշխավորել։ Ուրեմն, եթե չի կարող երաշխավորել, ասում ենք՝ մենք ամեն անգամ ձեր ուզածով ենթարկվում ենք ՄՌՏ հետազոտության, հիմա այլևս չենք ուզում ենթարկվել, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի վատանա։ Վերցրեք 2025-ի ՄՌՏ հետազոտությունները, հիմք ընդունեք։ Գիտենք, որ վիրահատության կարիք կա, որ առանց վիրահատության նա չի կարող բուժվել, բայց նրանք ամեն անգամ ասում են՝ արի մի հատ էլ ՄՌՏ․ սա իրենց կողմից չարաշահում է»։
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ՄՌՏ-ն քնեցման եղանակով են իրականացրել, Երեմ Սարգսյանը պարզաբանեց․ «Երկու պատճառ կա․ մեկը կլաուստրոֆոբիան է և նաև ուսահոդերի պարանոցի հատվածի ցավերի պայմաններում, նույն այդ անշարժ վիճակում գտնվելը՝ հատկապես, որ կորսետ է դրված պարանոցային հատվածում, առանց քնեցման դա ուղղակի անհնար է։ Ցավեր են առաջանում, հետևաբար այդ եղանակն է միշտ ընտրվում, բայց դա էլ հանգեցնում է նյարդահոգեկան վիճակի վատացման։ Իսկ այս հիվանդությունը կոնկրետ նաև նյարդաբանական խնդիր ունի, և դրա խորացումը հանգեցնում է բավականին բացասական հետևանքների»։
Երեմ Սարգսյանը պատմեց, որ Գագիկ Խաչատրյանը ամեն ՄՌՏ հետազոտություն անցնելու առաջարկի ժամանակ ասել է, անցնեմ, որ կասկածներ չլինեն։
Երեմ Սարգսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ իրենց՝ արտերկրից փորձագետներ ներգրավելու առաջարկն ամեն անգամ մերժվում է․ «Վախենում են, որ այդ փորձագետները կապացուցեն իրենց փորձագետներին, որ սխալ բան են անո՞ւմ։ Նույն փորձագիտական հանձնաժողովի նախագահը, որ ստորագրել է՝ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք չունի, 2022-ին ստորագրել է, որ վիրահատության կարիք ունի։
Ըստ նրա՝ այն, ինչ կատարվում է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է․ տեղի է ունենում մարդու նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունք, խոշտանգում։ Հայտնեց, որ ՄԻԵԴ-ում իրենց դիմումն արդեն կոմունիկացիոն փուլում է։
Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի գործով նախագահող դատավորի որոշմանը՝ չթույլատրել լրատվամիջոցներին լուսաբանել դատական նիստը, Երեմ Սարգսյանն ասաց․ «Մենք լուսաբանման մասով որևէ առարկություն չենք ներկայացրել։ Նախկինում փորձում էինք խուսափել՝ առողջության հետ կապված, բայց այս պահին ունենք կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն վտանգ, որը նրա կալանավորման պատճառով առաջացել է։ Այս պայմաններում կարծում ենք՝ այլևս այս կապակցությամբ լռելը ճիշտ չէ։ Պետք է վերջնական բացահայտենք, թե ինչ է տեղի ունենում»։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ իրականում նման արգելքի խնդիր չկար․ «Եթե շահը Գագիկ Խաչատրյանն է, նրա հետ մենք համաձայնեցրել ենք, այլ խնդիր չկա»։
Երեմ Սարգսյանը նաև ահազանգեց, որ Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանք ընդունելու հնարավորություն չունի, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի։ Նաև տեղեկացրեց․ «Ամսի 2-ից սկսած ոչ միայն չեն տեղափոխել նրան հիվանդանոց, այլև որևէ արձանագրում չկա դրա մասին։ Միջնորդել ենք, որ թույլ տան Գագիկ Խաչատրյանին բուժող բժիշկն իր միջոցների հաշվին այցելի ու զննության ենթարկի նրան։ Մինչև երեկ մոտ մեկ շաբաթ ոչ մի արձագանք չկա։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ թույլ չեք տալիս բուժող բժիշկն այցելի ՔԿՀ»։
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: