Թշնամու այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայաստանցիներն ու հայկական իշխանությունները․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ հայերն իրար են ուտում՝ օգնելով ադրբեջանական և թուրքական քարոզչությանը, ադրբեջանն ավելի առաջ է անցնում՝ համաշխարհային հայությանը մեկուսացնելու գործում։ Ադրբեջանական այս կայքը սկսել է քարոզչական մի աշխատանք, որի նպատակն է հայերի նկատմամբ բորբոքել ատելության ալիք հենց Ռուսաստանում։

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գաղտնիք չէ, որ հայերն ունեն և՛ ազդեցություն, և՛ ռեսուրսներ։ Երկար տարիներ ազերիները փորձել են գործարարների և հանցագործ աշխարհի իրենց ներկայացուցիչների միջոցով Կրասնոդարի երկրամասում հաստատել ազդեցություն և հայերին դուրս մղել ակտիվ գործունեության դաշտից։ Երկրամասը կարևոր է Ադրբեջանի համար, քանի որ այն աշխարհագրական առումով մոտ է և տնտեսական առումով՝ առավել զարգացած, ռեսուրսային առումով՝ բավականին բարեբեր։

Եվ ադրբեջանական քարոզչությունը իր նպատակներին հասնելու համար ահա այսպիսի թեզ է սկսել շրջանառել, թե իբր հայերը Կրասնոդարը դարձնում են «երկրորդ Ղարաբաղ»։

Ցավալին սակայն այն է, որ ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայաստանցիներ ու հայկական իշխանությունները՝ նպաստելով հայերի նկատմամբ ատելության բորբոքմանը։

Իհարկե, դա կարճաժամկետ հեռանկարում գուցե ձեռնտու է ՀՀ իշխանություններին, որպեսզի ավելի «լավ» հիմնավորեն Ռուսաստանի հետ իրենց կողմից վարվող քաղաքականությունը, ու ժողովրդի մեջ գեներացնեն հակառուսական տրամադրություններ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա աղետալի հետևանքներ կունենա ո՛չ միայն Հայաստանի, համաշխարհային հայության ազդեցության արեալի, այլև հենց Ռուսաստանի համար»։

Leave a comment