Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսի գործը կրկին մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին, իսկ քննությունը նշանակվել է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, հայտնում է Factor.am-ը:
Օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ն և վեց եպիսկոպոսները մոտ 20 րոպե գտնվել են ամբաստանյալի աթոռին։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ հոգևորականների շահերը պաշտպանող Արա Զոհրաբյանը ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր է տվել։
Երեք օր անց գործը մակագրվել է նույն մարզի դատավոր Սերժ Ռուշանյանին, սակայն վերջինս նույնպես չի սկսել գործի քննությունը և այն ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատճառաբանելով, որ ենթադրյալ հանցանքի կատարման վայրը հստակ չէ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործը մակագրվել է Վահագն Մելիքյանին, որն էլ այն ուղարկել է Վճռաբեկ դատարան։ Չորս օր անց քրեական պալատը հրապարակել է որոշումը, և գործը կրկին ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պատճառաբանությամբ, որ վարույթն ընդդատյա է հենց այդ դատարանին։
Փետրվարի 14-ին Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովից երեք օր առաջ բարձրաստիճան հոգևորականներին մեղադրանք է առաջադրվել, և արգելվել է նրանց ելքը Հայաստանից։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք խոչընդոտել են Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը։ Սարոյանը դատարանում վիճարկել է իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը՝ միաժամանակ ներկայացնելով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն։ Դրանով նա խնդրել է մինչև վերջնական դատական ակտի կայացումը վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։
Հոգևորականը, սակայն, ոչ միայն չի վերականգնվել պաշտոնում, այլև կարգալույծ է հռչակվել, իսկ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ է նշանակվել մեկ այլ հոգևորական։ Մեղադրանքի ամբողջ հիմքը ձևավորվել է հենց այս միջադեպի շուրջ։