ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, որը նախկինում երկամսյա կալանք էր սահմանել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ավագանու ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի նկատմամբ, որոշում է կայացրել ինքնաբացարկ հայտնելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։
Նոյեմբերի 11-ին ստորագրված որոշման մեջ դատավորը պատճառաբանել է, որ Գևորգյանի մահվանից հետո հնչած հրապարակային հայտարարություններում կասկածի տակ են դրվել ինչպես կալանավորման որոշման օրինականությունը, այնպես էլ իր անաչառությունը։
«Թեև գտնում եմ, որ կարող եմ տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն վերը վկայակոչված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ»,– նշել է դատավորը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը կարող է խաթարել գործի դատական քննության օբյեկտիվության և կայացվելիք ակտերի արդարացիության նկատմամբ վստահությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին հայտնի էր դարձել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի գրասենյակում կատարված խուզարկությունների և 14 անձի ձերբակալության մասին։ Հաջորդ օրը Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ նրանցից 10-ի նկատմամբ կիրառվել են խափանման միջոցներ՝ կալանք և տնային կալանք, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի նկատմամբ։
46–ամյա Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10–ին մահացել էր կալանավայրում։ Նրա մահվան փաստով ներկայումս իրականացվում է քրեական վարույթ։