Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews


Տիեզերագնացներ, պետությունների ղեկավարներ և տիեզերական ոլորտի խոշոր տնտեսական խաղացողներ են մասնակցելու չորեքշաբթի և հինգշաբթի Փարիզի Գրանդ Պալեում նախատեսված՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի համատեղ միջազգային տիեզերական գագաթնաժողովին՝ գրում է Euronews-ը։


Հաղորդվում է, որ ամերիկյան մի քանի ընկերություն հրաժարվել է մասնակցել միջոցառմանը՝ «ԵՄ քաղաքական դիրքորոշումներին» աջակցելու հետ կապված Վաշինգտոնի ճնշման պատճառով:


Գագաթնաժողովին չի մասնակցի նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ ներքաղաքական պարտավորությունների պատճառաբանությամբ: Նրա փոխարեն Փարիզ կմեկնեն պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը և տիեզերքի հարցերով նախարար Դորոթի Բերը:


Գագաթնաժողովի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է 2025 թվականի հոկտեմբերին՝ այն անվանելով «եվրոպացիներին ընդհանուր նպատակի շուրջ միավորելու» և «2035 թվականին համաշխարհային տիեզերական տերությունների քարտեզի վրա Եվրոպայի տեղի համար միասնական տեսլական մշակելու» հնարավորություն։


Ելիսեյան պալատի տվյալներով՝ գագաթնաժողովը նվիրված կլինի տիեզերքում միջազգային համագործակցությանը և տիեզերական անվտանգության ամրապնդմանը: Վերջին տարիներին Եվրոպան ավելի ու ավելի է փորձում մարտահրավեր նետել ԱՄՆ-ի գերիշխանությանը համաշխարհային տիեզերական շուկայում. մշակում է սեփական հրթիռներ, ավելացնում տիեզերական ոլորտի ֆինանսավորումը ինչպես ազգային, այնպես էլ համաեվրոպական մակարդակում, գրում է Euronews-ը։


2025 թվականը շրջադարձային էր. նոյեմբերին Եվրոպական տիեզերական գործակալությունը հաստատել է ռեկորդային 22,3 միլիարդ եվրո բյուջե՝ 2026-2028 թվականների եռամյա ֆինանսավորման ժամանակահատվածի համար, ևս 35 միլիարդ եվրո էլ հատկացվել է տիեզերքի համար՝ անվտանգության և պաշտպանության նպատակներով՝ տեղեկացնում է լրատվամիջոցը։


Լուսնի վրա ռեսուրսների արդյունահանումը դիտվում է նաև որպես մաքուր էներգիա և կարևոր հումք ապահովելու պոտենցիալ ուղի: Եվրոպան ձգտում է նվազեցնել կախվածությունը Չինաստանից ու Ռուսաստանից:

Leave a comment