ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՆԿԱԽԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Մեզ անվանել են ԱՐԵՎՄՏԱՄԵՏ, երբ հիմնադրում էինք անկախ պետությունը (1991-1997):
Մեզ անվանել են ԹՈւՐՔԱՄԵՏ, երբ վարում էինք Թուրքիայի հետ առանց նախապայմանների` հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը (1992-1994, 2009-2010):
Մեզ անվանել են պարտվողականներ, Բաքվի ագենտներ և ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ «քիրվայականներ», երբ փորձում էինք հաշտություն հաստատել Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման հիման վրա (1992-2020):
Մեզ անվանել են նարնջագույն ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐ, երբ փորձում էինք Հայաստանում վերականգնել ժողովրդավարությունը (2007-2013):
Մեզ անվանել են ԵՎՐՈՊԱՄԵՏ, երբ անդամակցել ենք Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատական Ալյանսին և համագործակցել եվրոպական լիբերալ կուսակցությունների հետ (2010-2026)
Մեզ անվանել են ՌՈւՍԱՄԵՏ, երբ մենք փորձել ենք իրատեսական դիրքերից մերժել Ռուսաստանի դերի և ազդեցության անտեսումը անվտանգության և տնտեսության հարցերում (2013-2026):
Եվ ահա Հայաստանի աննախադեպ նիկոլական իշխանությունների ագիտպրոպը մի նոր` աննախադեպ մեղադրանք է նետում մեր հասցեին: Այլևս մենք ԻՐԱՆԱՄԵՏ ԵՆՔ, որովհետև Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անկախության և կայուն զարգացման երաշխիք և առաջ քաշում Իրանի հետ ուղիղ կապող երկաթուղու կառուցման և ռազմավարական այլ ծրագրեր:
Սա անկախականի ճակատագիրն է Հայաստանում: Մեզ «ինչորմետության» մեջ անընդհատ փոփոխվող մեղադրանքներ են նետում նրանք, ում համար ստրկամտությունը և մեծ տերերին ծառայելը հոգեբանական կերտվածքի անբուժելի մաս է դարձել: Նրանք չեն էլ պատկերացնում, որ Հայաստանում կարող է մի ուժ լինել, որը առաջնորդվում է բացառապես Հայաստանի ազգային շահերով: Նրանց ուղեղում չի տեղավորվում անգամ, որ Հայաստանի նման փոքր երկրի քաղաքականության մեջ հնարավոր է չլինել որևէ տերության գործիքը:
Այ աննախադեպ ճղճիմներ, վաղը դուք նորից փոխելու եք մեղադրանքները, բայց երկու բան կայուն են մնալու` մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: