Ադրբեջանին հստակ ասում ենք, որ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին ենք տեղյակ պահել և Ադրբեջանի հետ քննարկումների և բանակցությունների ընթացքում ասում ենք, որ չենք պատրաստվում մեր Սահմանադրության հետ կապված հարցերը քննարկել որևէ արտաքին սուբյեկտի հետ: Երբեմն տպավորություն է, թե նման հայտարարություններ արվում են Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու համար, որովհետև դրանք սնում են ընդդիմությանը»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Սահմանադրության վերաբերյալ հայտարարություններին՝ վարչապետը նշեց. «Պաշտոնական մակարդակում մեզ ասվում է, որ մենք չենք բարձրացնում Սահմանադրության հարց, պարզապես տեղյակ ենք պահում, որ ունենք նման ընկալում խնդրի վերաբերյալ: Մեր նախընտրական ծրագրում է նոր Սահմանադրության ընդունման հարցը, հիմա արդեն Կառավարության ծրագրում է, մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով: ՀՀ-ում մի փաստարկ կա՝ վայ Ադրբեջանն այսպես կամ այնպես ասաց: Մենք ունենք մեր ռազմավարությունը, դրանով առաջ ենք գնում, նաև Ադրբեջանին ասում ենք, որ Սահմանադրությունը մեր ներքին գործն է և այն պատրաստվում ենք քննարկել բացառապես ՀՀ ժողովրդի հետ: Առաջիկայում նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի և կսկսենք քննարկումները: Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք, որ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը և մեզ համար անընդունելի է, որ որոշ շահարկումներ են արվում և սնունդ տալիս ընդդիմությանը»: