Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ երկու առաջնորդներն էլ այցերի արդյունքները դրական են գնահատել։
Թրամփը նշել է, որ ցանկանում է իր նախագահության ընթացքում առաջընթաց արձանագրել Ուկրաինայի կարգավորման հարցում։ Նա նաև ընդգծել է, որ պատերազմի ավարտը կարող է ճանապարհ բացել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների լայնածավալ վերականգնման համար։
Պուտինն աջակցել է ռուս-ամերիկյան կառուցողական գործընկերություն ձևավորելու Թրամփի մոտեցմանը։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ թշնամական ծրագրեր չունի։ Կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները և անհրաժեշտության դեպքում շարունակել հեռախոսազրույցները։