Ղազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունը


Ղազախստանի նախագահին առընթեր Ապատեղեկատվության հակազդման կենտրոնը հերքել է Ղազախստանի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող և Հայաստանի վարչապետին վերագրվող կեղծ հայտարարությունները:


«Անցկացված ստուգումը ցույց է տվել, որ մեջբերումը կեղծ է, Նիկոլ Փաշինյանը նման խոսքեր չի ասել: Կեղծ տեղեկատվության հեղինակները փոխել են ՀՀ վարչապետի առանձին խոսքեր և լրացրել իրական ելույթում բացակայող արտահայտություններով»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ:


Նշվում է, որ նման մանիպուլյացիաներն ուղղված են բացասական տրամադրությունների ձևավորմանը և Ղազախստանի ու Հայաստանի ժողովուրդների միջև լարվածության արհեստական առիթների ստեղծմանը:


«Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է անում չտարածել չստուգված մեջբերումներ և հրապարակումներ, ուշադրություն դարձնել հայտարարության սկզբնաղբյուրին, ամսաթվին և համատեքստին: Նաև կոչ ենք անում ջնջել ոչ հավաստի հրապարակումները, եթե դրանք արդեն տեղադրվել են, և հրապարակել հերքում»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:


Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ևս հերքել էին տարածվող ապատեղեկատվությունը:


«Որոշ օգտահաշիվներում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները ապատեղեկատվություն են և կեղծիք: Վարչապետ Փաշինյանը երբևէ նման հայտարարությամբ հանդես չի եկել»,- նշել են վարչությունից:

Դիտումների քանակ5

Leave a comment