Քաղաքականություն
07.09.2026 | 15:14
Չինական պետական Jilin Chemical Fiber Group ընկերությունը Ռուսաստան է ուղարկել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար անհրաժեշտ 46 տոննա քիմիական նյութեր՝ դրանք քողարկելով որպես քաղաքացիական բեռ։ Politico-ն և The Telegraph-ն են ուսումնասիրել բեռնափոխադրման փաստաթղթերը, փոխանցում է Meduza-ն։
Լրագրողների տվյալներով՝ պոլիակրիլոնիտրիլի (ածխածնային մանրաթելի արտադրության համար անհրաժեշտ պոլիմերի) ստացող է նշված «Ալաբուգա-Վոլոկնո» ընկերությունը՝ «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը։ Թաթարստանի «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում 2023 թվականից հավաքում են նաև իրանական «Շահեդների» հիման վրա ստեղծված անօդաչու սարքերը։
2026 թվականով թվագրված փաստաթղթերում մատակարարումը ձևակերպված է մաքսային այն կոդով, որն օգտագործվում է քաղաքացիական նշանակության սինթետիկ մանրաթելերի արտահանման ձևակերպման ժամանակ։
Վաշինգտոնի Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի (ISIS) ղեկավար Դեյվիդ Օլբրայթը նշել է, որ ածխածնային մանրաթելն օգտագործվում է անօդաչու թռչող սարքի թևերի և ներքին կառուցվածքների, այդ թվում՝ շարժիչի և վառելիքի բաքի ամրացման համար: Նրա գնահատմամբ՝ պոլիակրիլոնիտրիլի այս պաշարը բավարար է առնվազն 1300 անօդաչու թռչող սարք արտադրելու համար։
Չինական բաղադրիչներ վաղուց են հայտնաբերվել Ուկրաինայի դեմ հարվածների ժամանակ օգտագործվող ռուսական անօդաչու թռչող սարքերում: Սակայն, ինչպես Politico-ն նշում է, ձեռք բերված փաստաթղթերն առաջին անգամ հաստատում են նման նյութերի Չինաստանից ուղղակի մատակարարումները:
Ուկրաինայի անվտանգության և համագործակցության կենտրոնը ստացել է Չինաստանից քիմիական նյութերի առաքման վերաբերյալ փաստաթղթերը։ Դրանց իսկությունը հաստատել են Ուկրաինայի կառավարությունը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Չինաստանի հարցերով հատուկ հանձնաժողովը, Politico-ին հայտնել են աղբյուրները: Փաստաթղթերը նաև ներկայացվել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը ուսումնասիրման համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԿՀՎ-ն հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը: Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը չի վիճարկել փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը:
Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Վաշինգտոնում: Լրագրողների կարծիքով, հաշվի առնելով Չինաստանի կողմից Ռուսաստանին աջակցության նոր ապացույցները, Ուկրաինան կարող է ուժեղացնել ճնշումը ԱՄՆ նախագահի վրա՝ Պեկինին ստիպելու դադարեցնել ապագայում նման մատակարարումները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի