Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ

Քաղաքականություն

07.09.2026 | 15:14

Չինական պետական ​​ Jilin Chemical Fiber Group  ընկերությունը Ռուսաստան է ուղարկել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար անհրաժեշտ 46 տոննա քիմիական նյութեր՝ դրանք քողարկելով որպես քաղաքացիական բեռ։ Politico-ն և The Telegraph-ն են  ուսումնասիրել բեռնափոխադրման փաստաթղթերը, փոխանցում է Meduza-ն։

Լրագրողների տվյալներով՝ պոլիակրիլոնիտրիլի (ածխածնային մանրաթելի արտադրության համար անհրաժեշտ պոլիմերի) ստացող է նշված «Ալաբուգա-Վոլոկնո» ընկերությունը՝ «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը։ Թաթարստանի «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում 2023 թվականից հավաքում են նաև իրանական «Շահեդների» հիման վրա ստեղծված անօդաչու սարքերը։

2026 թվականով թվագրված փաստաթղթերում մատակարարումը ձևակերպված է մաքսային այն կոդով, որն օգտագործվում է քաղաքացիական նշանակության սինթետիկ մանրաթելերի արտահանման ձևակերպման ժամանակ։

Վաշինգտոնի  Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի (ISIS) ղեկավար Դեյվիդ Օլբրայթը նշել է, որ ածխածնային մանրաթելն օգտագործվում է անօդաչու թռչող սարքի թևերի և ներքին կառուցվածքների, այդ թվում՝ շարժիչի և վառելիքի բաքի ամրացման համար: Նրա գնահատմամբ՝ պոլիակրիլոնիտրիլի այս պաշարը բավարար է առնվազն 1300 անօդաչու թռչող սարք արտադրելու համար։

Չինական բաղադրիչներ վաղուց են հայտնաբերվել Ուկրաինայի դեմ հարվածների ժամանակ օգտագործվող ռուսական անօդաչու թռչող սարքերում: Սակայն, ինչպես  Politico-ն նշում է, ձեռք բերված փաստաթղթերն առաջին անգամ հաստատում են նման նյութերի Չինաստանից ուղղակի մատակարարումները:

Ուկրաինայի անվտանգության և համագործակցության կենտրոնը ստացել է Չինաստանից քիմիական նյութերի առաքման վերաբերյալ փաստաթղթերը։ Դրանց իսկությունը հաստատել են Ուկրաինայի կառավարությունը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Չինաստանի հարցերով հատուկ հանձնաժողովը, Politico-ին հայտնել են աղբյուրները: Փաստաթղթերը նաև ներկայացվել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը ուսումնասիրման  համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԿՀՎ-ն հրաժարվել են մեկնաբանել  տեղեկատվությունը: Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը չի վիճարկել փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը:

Սեպտեմբերի 24-ին  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Վաշինգտոնում: Լրագրողների կարծիքով, հաշվի առնելով Չինաստանի կողմից Ռուսաստանին աջակցության նոր ապացույցները, Ուկրաինան կարող է ուժեղացնել ճնշումը ԱՄՆ նախագահի վրա՝ Պեկինին ստիպելու դադարեցնել  ապագայում նման մատակարարումները։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment