ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյոք ռուսերեն թարգմանություն կլինի։ Նա այդ ելույթը բնութագրել է որպես «Հայաստանի ինքնիշխանության մասին հայտարարելու» ազդակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել ռուսերեն թարգմանությունը լսելու համար, և նաև մտածեցի՝ արդյոք ռուսերեն թարգմանություն կլինի, կա՞ հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունը եղավ:
Թե ինչու այդ մասին չի կարելի հայտարարել ռուսերեն, անկեղծ ասած, մենք չհասկացանք։ Բայց դա պետության ղեկավարի ընտրությունն է, մենք հարգում ենք այն։ Եթե դա այդքան կարևոր է, եթե դա գլխավորն է, ապա մենք նույնպես հարգանքով ենք վերաբերվում այդ ընտրությանը»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Փաշինյանը Բիշքեկում կայացած ՇՀԿ+ գագաթնաժողովին ԱՊՀ մասնակից երկրների առաջնորդներից միակն է եղել, որը ելույթ չի ունեցել ռուսերեն։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը նմանատիպ միջոցառումների ժամանակ ավանդաբար օգտագործել է ռուսերենը։