Առցանց խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը կուժեղանա։ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով՝ 2027 թվականի փետրվարի 8-ից գործողության մեջ կմտնեն նոր կարգավորումներ, որոնցով կվերանայվեն չլիցենզավորված կազմակերպությունների կողմից կազմակերպվող առցանց շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի արգելափակմանն ուղղված գործող մեխանիզմները։
Նշենք, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ հայաստանյան առցանց տիրույթում օտարերկրյա չլիցենզավորված կազմակերպությունների կողմից առաջարկվող խաղային ծառայությունների ու գովազդների լայնորեն տարածմամբ։ Գործող վարչարարական գործիքներն այս պայմաններում բավարար արդյունավետություն չեն ապահովում, քանի որ օտարերկրյա կազմակերպությունները գործում են ՀՀ իրավական դաշտից դուրս։
Նոր կարգավորումներով նախատեսվում է կատարելագործել չլիցենզավորված կայքերի տեխնիկական արգելափակման համակարգը՝ հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակելով դրանց հասանելիությունը։ Առաջարկվում է սահմանափակել նաև չլիցենզավորված կայքերի կողմից գովազդների տարածումը:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ վերոնշյալ կարգավորումները չեն սահմանափակում օրինական խաղային գործունեությունը, այլ ուղղված են բացառապես լիցենզավորման համակարգի արդյունավետության բարձրացմանը, լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությանն ու հավասար մրցակցային պայմաններ ապահովելուն՝ ոլորտում առկա ռիսկերի կանխարգելման միջոցով։
Դիտումների քանակ6