«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին։ Այս մասին դատական նիստից հետո հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ծառուկյանի խափանման միջոց կալանքի երկարաձգման մասին հարցը քննվում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
«Կոնկրետ ժամ դեռ նախանշված չէ, դատարանից մեզ կհայտնեն այդ մասին։ Մենք բազմաթիվ ապացույցներ ներկայացրինք, որոնք հերքում են և՛ հիմնավոր կասկածները, և՛ Ծառուկյանին շարունակաբար կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։ Եթե մենք հիմա խոսեինք իրավական գործընթացների մասին, ապա Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվեր, բայց հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, ապա պետք է միայն հույս ունենանք, որ դատավորը վեր կգտնվի այս ամենից ու պատշաճ կգնահատի մեր ներկայացրած ծանրակշիռ ապացույցները»,– ասաց Խաչատրյանը։
Նա ընդգծեց` գործով տուժողները պետք է լինեին մեղադրյալ, իսկ Գագիկ Ծառուկյանը` տուժող։ Փաստաբանը պնդեց` տուժող համարվող անձինք նախազգուշացված լինելու պայմաններում սուտ ցուցմունքներ են տվել։ Խաչատրյանը նշեց, որ այս պահին սրանից ավելին չի կարող ասել։
Նիստի ընթացքում Ծառուկյանն էլ իր դիրքորոշումն է վերահաստատել, որ տեղի ունեցողը ժամանակավոր բնույթ է կրում, ինքն էլ մեղադրյալ չի կարող լինել։
Ինչ վերաբերում է գործարարի առողջական վիճակին, ապա Էմին Խաչատրյանը շեշտեց, որ այն բավարար է, իսկ տրամադրվածությունը մարտական է։
Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը քննվեց մոտ 6 ժամ։
Sputnik Արմենիա