Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) վերաբերյալ հայտարարություններում նորություն չկա։ Այս մասին նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա խոսել է Նիկոլ Փաշինյանի «խոսքային աճպարարությունների» և ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրության հարցում սեփական բնակչությանը «մոլորեցնելու փորձերի» մասին՝ նշելով, որ այդ հարցում Հայաստանի վարչապետի հայտարարություններում որևէ կոնկրետություն չկա։
Զախարովայի խոսքով՝ մայիսի 29-ին ԵՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների հայտարարությամբ հստակ հարցեր են բարձրացվել, սակայն դրանց պատասխանները մինչ օրս չեն ստացվել։
«Պաշտոնական Երևանի մտադրությունները մեզ համար նախկինի պես անհասկանալի են։ Առօրյա տրամաբանությունն էլ հուշում է, որ նախ պետք է հարցնել սեփական բնակչության կարծիքը, ապա նոր քայլեր ձեռնարկել, ոչ թե հակառակը»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով ԵՏՄ-ին՝ Զախարովան նշել է, որ Երևանի, իր բնորոշմամբ, ոչ գործընկերային վարքագիծը և Եվրամիությանն անդամակցելու ձգտումները բազմիցս մեկնաբանվել են տարբեր մակարդակներում։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականության մեջ, ցավոք, ոչինչ չի փոխվել։
Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասին՝ Զախարովան նշել է, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման հարցը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության շրջանակում է։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված համապատասխան դրույթները կարող են կիրառվել, օրինակ, երբ անդամ պետությունը չի կատարում իր պարտավորությունները, այդ թվում՝ ֆինանսական։
Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը երեք տարի շարունակ չի վճարում կազմակերպության տարեկան անդամավճարները։ Նա չի բացառել, որ այդ հարցը կարող է առարկայական քննարկվել Մոսկվայի գագաթնաժողովում։
«Ամեն դեպքում, Երևանը դեռ հնարավորություն ունի վերադառնալու ՀԱՊԿ-ում լիարժեք մասնակցությանը։ Սակայն, բնականաբար, ոչ ոք մտադիր չէ գործընկերներին հարկադրաբար պահել կազմակերպությունում»,- ընդգծել է Զախարովան՝ նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ կանոնադրության համաձայն իրավունք ունի դուրս գալու կազմակերպությունից։
Զախարովան նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետության այլընտրանքային համակարգերի ձևավորում չի դիտարկվում։ Նրա պնդմամբ՝ տարածաշրջան մուտք գործել փորձող արևմտյան երկրները չեն կարող ապահովել տարածաշրջանի կայունությունը և նման մտադրություն էլ չունեն։
Նրա խոսքով՝ Երևանը հնարավորություն ունի իր դիրքորոշումը հստակեցնելու նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ Հայաստանն այժմ չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։
«Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու նախապատրաստություն չենք սկսել։ Մենք պատրաստվում ենք մեր ժողովրդին առաջարկել այլընտրանքային տարբերակներ, ինչպես խոստացել էինք։ Մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենա։
Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից, սակայն գիտեք, որ այդ կառույցում մեր գործընկերները բարձրացնում են կողմնորոշման և հանրաքվե անցկացնելու հարցը։ Ես ասել եմ, որ այս պահին հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։
ԵՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ պետք է անցնենք որոշակի ընթացակարգեր։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։
Ինձ համար ակնհայտ է, որ գործընթացը տանում է նրան, որ ի վերջո 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու գործընթաց սկսելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի հետաքրքրությունները սպառված են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի