«Դա իր կարծիքն է, ինքն իրավունք չուներ ասելու ընդհանուրի անունից»․ Մետաքսե Հակոբյանը՝ Գագիկ Բաղունցի՝ Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը սառեցնելու մասին հայտարարության առիթով

«Ինչպես մնացած բոլոր բռնաճնշումների, հալածանքների ենթարկվողները, ձերբակալվածներն ու կալանավորվածները, այնպես էլ՝ Գագիկ Ծառուկյանը, չի հրաժարվում Արցախը՝ որպես հայրենիք ընդունելու մտքից, չի հարմարվում ՀՀ-ն թուլացած տեսնելու մտքից, դրա համար էլ իրենք դատարաններում անօրեն գործընթացների մեջ են»,-Գագիկ Ծառուկյանի գործով  դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ինքը չի որոշում՝ Արցախի հարցը փակի, թե չուրանա, դա իրեն պարտադրվում է Բաքվից։

Անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությանը, թե Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցն առայժմ սառեցված է, Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Ինձ համար անակնկալ էր։ Առիթ կլինի, պարոն Բաղունցին էլ կփոխանցեմ․ որևէ մեկն իրեն իրավունք չէր տվել նման հայտարարություն անելու, որովհետև մենք բոլորս զարմացել էինք՝ որտեղի՞ց ինքը որոշեց, որ սառեցված է ԱԺ նախագահի ընտրության հարցը։ Վստահաբար եմ ասում, դա իր կարծիքն է, ինքն իրավունք չուներ ասելու դա ընդհանուրի անունից։ Նման քննարկում ԱԺ-ում չի եղել, միայն քննարկվել է այն հարցը, որ Արցախի նախագահի ընտրության հարցն ենք թողնում հետագայի լուծման, և ձև ենք գտնում՝ ինչպես կարող է ժողովուրդն այդ ընտրությունը կատարել, իսկ ԱԺ նախագահի ընտրությունը հնարավորինս արագ ու ճիշտ ձևաչափով սկսում ենք կազմակերպել։ Այն, ինչ ինքը հայտարարեց, մենք դրանից տեղյակ չէինք»։

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment