2026 թվականի հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել ավելի քան 7.25 մլն դոլարի նավթային բիտում, որը լայնորեն կիրառվում է ճանապարհաշինության, մասնավորապես՝ ասֆալտապատման աշխատանքներում։
UN Comtrade-ի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բիտումի ներմուծման արժեքն աճել է 23.6%-ով։ 2025 թվականի հունվար-մայիսին Հայաստան էր ներմուծվել շուրջ 5.87 մլն դոլարի նավթային բիտում։
Միաժամանակ աճել է նաև ներմուծման ֆիզիկական ծավալը, սակայն ավելի դանդաղ տեմպով՝ շուրջ 10.2%-ով։ Եթե 2025 թվականի հունվար-մայիսին ներմուծվել էր շուրջ 17.8 հազար տոննա բիտում, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է շուրջ 19.7 հազար տոննա։
Այսինքն՝ բիտումի ներմուծման արժեքն աճել է ավելի արագ, քան դրա ֆիզիկական ծավալը։
UN Comtrade-ի արժեքային և քաշային տվյալների հարաբերակցությունից հաշվարկվում է, որ մեկ տոննա նավթային բիտումի միջին ներմուծման արժեքը 2025 թվականի հունվար-մայիսին կազմել է շուրջ 329 դոլար, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 369 դոլար։ Այսպիսով, մեկ տոննայի հաշվով միջին ներմուծման արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է մոտ 12.2%-ով։
Հետևաբար, ներմուծման ընդհանուր արժեքի 23.6% աճը պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ ներմուծված բիտումի ֆիզիկական ծավալի 10.2% ավելացմամբ և մեկ տոննայի հաշվով միջին ներմուծման արժեքի աճով։
Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ հաշվարկված միջին ներմուծման արժեքը չի կարելի նույնացնել բիտումի շուկայական գնի հետ։ Այն ստացվում է ներմուծման ընդհանուր արժեքը ընդհանուր քաշին բաժանելու միջոցով և կարող է կախված լինել ներմուծվող ապրանքի տեսակից, որակից, մատակարարման պայմաններից և այլ գործոններից։
Բիտումի ներմուծման աճը տեղի է ունենում նաև Հայաստանում նավթամթերքի արտադրությունը զարգացնելու ծրագրերի ֆոնին։
Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսի 27-ին կառավարությունը «Մեգա Փրոդաքշն» ՍՊԸ-ին ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել։ Ընկերությունը ներմուծվող հումքի միջոցով նախատեսում է Հայաստանում նավթամթերք արտադրել։
Կառավարության հրապարակած տեղեկության համաձայն՝ ընկերությանը պատկանում է Հայաստանում գործող միակ նավթավերամշակման գործարանը։
Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է Իրանից և Իրաքից ներմուծել 30 հազար տոննա նավթավերամշակման ծանր մնացորդ՝ շուրջ 4 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Կառավարության տեղեկության համաձայն՝ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել նաև բիտումի արտադրության համար։
Մարիա Խաչատրյան