Կիպրոսի ափերի մոտ նավի խորտակվելու գործով ձերբակալվել է Ադրբեջանի երեք քաղաքացի

Բաժանորդագրվել

Վերջին տվյալներով՝ փրկվել է 244 մարդ, 8 հոգի զոհվել է։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Երեք ադրբեջանցի է ձերբակալվել ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի» ափերի մոտ նավի խորտակման գործով, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով տուժածների հարազատներին:

Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։ Թուրքական լաստանավում եղել է 267 ուղևոր, 8 մարդ զոհվել է, ևս 20-ը համարվում են անհետ կորած:

Ձերբակալվածներն են՝ Վալեհ Հումբաթովը, Ռաշադ Իբրահիմովը և Ղադիր Գուլիևը: Երեքն էլ աշխատում էին թուրքական նավի վրա։

«Filo Jet» արագընթաց ուղևորատար նավը ուղևորվում էր Կիպրոսի Կիրինիա և թուրքական Մերսին քաղաքների միջև ստանդարտ երթուղով: Նավահանգստից դուրս գալուց անմիջապես հետո նավի սկզբնամասը սկսել է ջրով լցվել։ Անձնակազմը փորձել է վերադառնալ նավահանգիստ, սակայն հետդարձին նավը շրջվել է և խորտակվել։

Leave a comment