ՀՀ կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի վերաբերյալ։ Փաթեթը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։
Կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավ է սկսվել, հայտնում է Արմենպրեսը:
«Արշավը նպատակ ունի կանխարգելելու բռնությունն ի սկզբանե ընտանիքում, այսինքն՝ թույլ չտալու դրա վրա հասնելը, ընթացիկ դեպքերով իրականացնելու արդյունավետ քննություն և ձևավորելու նաև զրո հանդուրժողականություն հասարակության շրջանում բռնության՝ ընդհանուր առմամբ երևույթի նկատմամբ։ Այս արշավի շրջանակներում է հենց մշակվել նախագծերի փաթեթը, որն այսօր ներկայացված է կառավարության քննարկմանը»,-ասել է նա:
Նախարարի գնահատմամբ՝ ընտանիքում տեղի ունեցող և մարդու անվտանգությանը, կյանքին, առողջությանը, հոգեկան կամ ֆիզիկական անձեռնմխելիությանը, ինչպես նաև սեռական ազատությանն ու անձեռնմխելիությանը սպառնացող բռնությունը չի կարող դիտարկվել պարզապես որպես անձնական կամ ընտանեկան խնդիր։ Նրա խոսքով՝ պետությունն անմիջական պատասխանատվություն և մեծ դեր ունի նման դեպքերին արագ արձագանքելու ու հետագա բռնությունը կանխելու հարցում։
ՆԳ նախարարը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթը կենտրոնացել է երկու հիմնական հարցի վրա՝ ինչպես պետք է պետությունը պաշտպանի իր ամենամոտ միջավայրում՝ ընտանիքում և առօրյա կյանքում, բռնության ենթարկվող անձին, և ինչ մեխանիզմներով պետք է կանխվեն հետագա դեպքերը։
Արփինե Սարգսյանն առանձնացրել է չորս հիմնական ուղղություն։
«Առաջին կարևոր ուղղությունը վերաբերում է Քրեական օրենսգրքի մակարդակում պաշտպանության ուժեղացմանն այս երևույթների նկատմամբ։ Պիտի փաստեմ, որ օրենսգրքով նախագծի հեղինակները ընտանեկան և կենցաղային բռնությունը ճանաչում են՝ որպես ինքնուրույն առանձին երևույթ, և այս ուղղությամբ հարաբերությունները քրեական օրենսգրքում դիտարկվում են որպես առանձին հոգածության առարկա և առանձին գլուխներով նախատեսվում են որպես ինքնուրույն հանցակազմեր։ Եվ նաև խստացվում է դրանց համար նախատեսված պատասխանատվությունը։
Երկրորդ՝ կարևոր ուղղությունը քրեական արդեն վարույթի շրջանակներում տուժողի պաշտպանության ուժեղացմանն է վերաբերում։ Այսօր պետությունը գրեթե ամբողջ բեռը առաջնային մեկնարկի համար թողնում է հենց բռնության զոհի վրա, որպեսզի ինքը ներկայացնի հաղորդում, հաղորդումը հետագայում ընթացքավորվի։ Նախագծով հեղինակներն առաջարկում են այս դեպքում չկապել պրոցեսը տուժողի բողոքի կամ հաղորդման հետ, և բոլոր դեպքերը դարձնել հանրային մեղադրանքի առարկա։ Այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունն արձագանքելու է, սկսվելու է քրեական վարույթ և պատշաճ կերպով գնալու ենք հետագա ընթացքով։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք բացառում ենք այդ ընթացքում որևէ հաշտության պրոցես, որովհետև շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ համոզելով, հարկադրանքի տարբեր եղանակներով անձինք հետ են վերցնում հաղորդումները և թույլ չեն տալիս հետագա շարունակությունը։ Այս դեպքում պետությունը գնալու է մինչև վերջ և պատասխանատվությանը ենթարկելու բռնարարին։ Վարույթի տեսանկյունից կարևոր է նաև այն, որ մենք հաճախ նկատում ենք, որ բռնության զոհերը կրկնակի զոհականացման տրամաբանության մեջ անընդհատ բողոքում են նաև առանձին դեպքերում կրկնակի հարցաքննություններից։ Առաջարկում ենք սահմանափակել տուժողի կրկնակի հարցաքննությունը՝ թույլ տալով վարույթն իրականացնող մարմնին նոր հարցաքննություն կազմակերպել բացառապես այն պայմաններում, երբ նոր ի հայտ եկած հանգամանք կա, և դրա հետ կապված կարիք կա ճշգրտումների։
Արգելում ենք տնային կալանքն այն դեպքերում, երբ տուժողը և մեղադրյալը շարունակում են համատեղ բնակվել, ինչպես նաև հատուկ պաշտպանության միջոցների նկատմամբ հսկողությունը իրականացնում ենք նաև էլեկտրոնային հսկողության միջոցներով։ Եվ հետևապես վարույթի տրամաբանության մեջ այնպես ենք անում, որ հնարավորինս տուժողը զերծ մնա նոր տրավմայից կամ նոր վտանգի որևէ աղբյուրից։
Երրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է պաշտպանության միջոցների տրամաբանությանը։ Ի սկզբանե դուրս ենք բերում նախազգուշացումը՝ որպես պաշտպանության ինստիտուտ, որովհետև շատ հաճախ նկատում ենք, որ դա որևէ արդյունավետ միջոց չի հանդիսանում պրակտիկայում, և որպես կանոն նախազգուշացումից հետո արդեն կրկնակի բռնության դեպքեր ենք արձանագրում ոստիկանության պրակտիկայում։ Սա առհասարակ դուրս ենք բերում։ Կարևոր փոփոխություն է այստեղ առաջարկվում նաև փաթեթով, որ փոխենք գործող պրակտիկան։ Այս պահի դրությամբ, երբ գործ ունենք բռնության դեպքի հետ, առաջնային ռեակցիան պետության բռնության զոհին տնից դուրս բերելն է և ապաստարան տեղափոխելը։ Բայց շատ հաճախ պիտի ընկալենք, որ այս պայմաններում բռնարարը շարունակում է մնալ տանը, իր համար սովորական միջավայրում, մինչև քրեական վարույթի հետագա ընթացք, մեղադրանքի առաջադրում և այլն։ Եվ այստեղ կարծես թե բռնության զոհին էլ ավելի խոցելի վիճակում ենք դնում և նախատեսում ենք, որ որպես կանոն բռնություն գործադրածին ենք հանում կոնկրետ ընդհանուր միջավայրից, եթե, իհարկե, չենք երաշխավորում տուժողի անվտանգությունը այլ միջավայրում։
Մի կարևոր փոփոխություն ևս նախատեսված է՝ պետության որակական արձագանքի տեսանկյունից, ոստիկանության ծառայողների համար նախատեսվում է պարտադիր կերպով կրծքին ամրացվող տեսախցիկի կրման պահանջ, որպեսզի երբ դեպքի վայր ժամանի ոստիկանը, կարողանանք առաջնայնորեն բոլոր ապացույցները, որակական տվյալները դուրս բերել և հետագայում արդեն վարույթ իրականացնող մարմնի համար ավելի լավ պրոցես ապահովել։ Սա նաև ներքին գործերի նախարարության տեսանկյունից ևս վերահսկողական գործիք է, որպեսզի հասկանանք և ստուգենք ռեակցիաները մեր ծառայողների։
Եվ վերջին կարևոր փոփոխությունը բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի պարտադիր կանոնի նախատեսումն է։ Իհարկե, շատ կարևոր է, որ պետությունը պատժի բռնություն գործադրած անձին, բայց եթե մենք ուզում ենք մեծ բաղադրիչ ունենալ կանխարգելման, տրամաբանական է, որ պատժից զատ պիտի նաև բռնարարի վարքագծային փոփոխության վրա աշխատենք։ Նախատեսում ենք, որ պատժին զուգահեռ պարտադիր պետք է ռեաբիլիտացիայի ծրագիր անցնելու կանոն նախ նախատեսվի բռնարարի համար»,-ասել է նախարարը:
Օրենսդրական նախաձեռնությանն անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ընտանիքում բռնության կանխարգելման ինստիտուտը տարիներ առաջ է ընդունվել և հաստատվել։ Վարչապետի գնահատմամբ՝ այն ժամանակ դա իրականացվել է միջազգային կառույցների պահանջների պայմաններում, իսկ պետությունը խնդրին անհրաժեշտ լրջությամբ չի առերեսվել։
Կառավարության նիստում թեմայի վերաբերյալ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել, և մի շարք դիտարկումներ են ներկայացվել։