Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Արցախի անկախության օրվա կապակցությամբ հղած ուղերձում:
«Այն մեր ազգի օրակարգում առաջնահերթ տեղ պետք է գրավի՝ որքան էլ փորձենք իրապաշտության պիտակի հետևում անցյալի էջը համարել փակված»,- ասվում է ուղերձում:
Արամ Ա-ն առաջնահերթ է համարել նաև «պայքարը՝ հանուն Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների վերահաստատման և Արցախի քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման»,-հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:
«Ազգերի պատմության մեջ պայմանները միշտ փոփոխական են, աշխարհաքաղաքական շահերի դասավորվածությունը՝ միշտ հարափոփոխ։ Պետք է հեռու մնալ կաղապարված մտածողությունից, տեսական հղումներից, ինչպես նաև տվյալ ժամանակի շահերի ու մոտեցումների պարտադրանքներից։ Հավատքին միախառնելով հույսը և այն թրծելով ամուր կամքով՝ հարկավոր է քայլել դեպի ապագա։
Այսօր, երբ հետադարձ հայացքով նշում ենք Արցախի Հանրապետության անկախության օրը, առաջին հերթին եկեք հիշենք մեր բոլոր նահատակներին, որոնք իրենց արյունը թափեցին հանուն Արցախի անկախության վերականգնման։ Եկեք նաև հիշենք Արցախի անկախության առավել ամրապնդման համար գործած ու ծառայած մեր ղեկավարներին, որոնք այսօր տառապում են Բաքվի բանտերում։ Արդարև, բավարար չէ միայն հիշելը, հարկավոր է այն վերածել պայքարի․․․
Վա՛յ այն ազգին, որն իրեն բանտարկում է ներկա շահերի նեղ սահմաններում՝ ծածկված իրապաշտության քողի հետևում։ Պատմության թատերաբեմում մնում են այն ազգերը, որոնք իրենց ներկան տեսնում են անցյալով ամրագրված և ապագայի տեսլականով հզորացած ու առաջ են քայլում վերանորոգ հավատքով ու հույսով։
Այսպիսի՛ն է եղել մեր ազգը։ Ա՛յս է պատգամը Արցախի Հանրապետության անկախության։ Մնանք ականջալուր և հավատարիմ մեր պատմությանը՝ հին թե նոր, մեզ փոխանցված սրբազան պատգամներին»,- նշված է Արամ Առաջինի ուղերձում։
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի կապակցությամբ այց է կազմակերպվել Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ են խոնարհվել «Արցախի կանչը» հուշակոթողին։ Հուշահամալիրը կառուցվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջոցներով։