«Անկախ պետական մարմնի անդամն ի՞նչ իրավունք ունի քաղաքական գնահատականներ հնչեցնելու»․ ԱԺ ընդդիմությունը պահանջում է դադարեցնել Հակոբ Մովսեսի լիազորությունները

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիզորությունների դադարեցման հայտարարության նախագիծ։ ԱԺ նստաշրջանում նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ըստ նախագծի հեղինակների հիմնավորման՝ Հակոբ Հակոբյանը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները։

«Հակոբ Հակոբյանն իր հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցնում ՀՅԴ հասցեին, այդ գնահատականներն ուղեկցվում են ատելության քարոզով։ Բացի դա՝ քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ ձեւակերպումներ է տալիս՝ «խուժան» եւ այլ արտահայտություններով»,- նշեց Արծվիկ Մինասյանը։ Նա ասաց, որ այս ձեւակերումները ուղիղ հակասում են օրենքին ու կանոններին, մեջբերեց օրենքի համապատասխան դրույթները։

«Սա ոչ միայն այն մասին է, թե ինչպես է «անկախ» կոչվող պետական մարմնի անդամը խախտում Սահմանադրության եւ օրենքի պահանջը, այլ նաեւ այն բարոյական գնահատման չափանիշի մասին է, որով պետք է մենք բոլորս դուրս գանք եւ հանրությանը ներկայանանք։ Ի՞նչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը, որը Սահմանադրությամբ պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, չեզոքություն, նման գնահատականներ հնչեցնել»,- նշեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը դիմեց ՔՊ խմբակցությանը․ «Դուք կարող եք անգամ բաժակ բարձրացնել եւ խմել այդ գնահատականի համար, որը տվել է պարոն Հակոբյանը։ Բայց դուք նաեւ ԱԺ պատգամավոր եք եւ պետք է գնահատեք՝ Սահմանադրությունը պահում ենք, թե՞ չենք պահում։ Ոչ թե առաջնորդվեք նեղ քաղաքական շահով, այլ առաջնորդվեք Սահմանադրությունը պահելու կամ չպահելու մոտեցմամբ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment