Մենք երեխաներին հեռախոս տվեցինք ու աշխարհը նրանց ձեռքում հայտնվեց։ Հիմա բոլոր ջանքերը ձեռքից հեռախոսը վերցնելուն ու նրան իրական աշխարհ վերադարձնելուն են ուղղված։ Տարբեր երկրներ փորձարկում են՝ ինչպես կարող են նվազեցնել անչափահասների կախվածությունը սոցցանցերից, երբեմն դիմում կտրուկ՝ արգելքի մեթոդին։
Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ մարդիկ հասկացան՝ հաճախ ալգորիթմը երեխային ծնողից լավ է ճանաչում, վտանգը կարող է գալ մատի մեկ հպումով, երեխաները հեռախոսում մի ամբողջ կյանք են տեղավորում ու վրան կողպեք՝ գաղտնաբառ դնում։
Արգե՞լքն է այս հարցը լուծելու միջոցը, արդյո՞ք Հայաստանում անչափահասները կզրկվեն սոցցանցերից, ի՞նչ արդյունք ունեն այն երկրները, որոնք գնացել են այդ ճանապարհով։ Փորձելու ենք բացել երեխայի՝ հեռախոսի դիսփլեյից այն կողմ անձնական կյանք ունենալու իրավունքի շերտերը։
***
«Ասել, որ կարող ենք փորձել վերահսկել, սուտ կլինի, որովհետև որքան էլ փորձես, փակես դուռը, սահմանափակես սոցցանցերում ելումուտ անելը, երդիկից կմտնի»։
Լիանա Եղիազարյանի տանը կա 4 երեխա։ Չկա Wi-Fi։ Ծնողերը որոշել են, որ երեխաներն ինտերնետ կունենան միայն աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ իրենք տուն վերադառնան։ Բայց, ասում է, ինտերնետի առաջ դուռը փակես՝ պատուհանով կմտնի։
«Ասել, որ ես գիտեմ՝ իմ երեխան որքան է լինում սոցցանցերում կամ առհասարակ համացանցում՝ կլինի տարատեսակ ֆիլմեր նայել, Google-ում որոնումներ անել, արհեստական բանականության հետ շփվել, չափելի չէ, հնարավոր չէ, որովհետև ամեն օրվա հետ և՛ դասերն են տանում, և՛ հետաքրքրություններն են տանում այնտեղ, չես կարող շարունակ քո երեխայի ձեռքը բռնել»,- ասում է նա։
Վստահ է՝ անվտանգ սոցցանց չկա։ Արգելելու փորձեր անում է, բայց գիտակցելով՝ դա էլ գին ունի։
«Շատ նուրբ մի սահման կա․ դու կարող ես ուղղակի երեխայի հետ երկխոսության թելը կորցնել, և սոցցանցերում իրեն պատուհասած վտանգները պարզապես կմնան նրա ներքին աշխարհում, իր ընկերների հետ քննարկումների շրջանակում։ Ասել` սահմանափակել երեխային, նշանակում է՝ երեխային հետ պահել ամեն օրվա զարգացումներից, ասել՝ հնարավոր է սահմանափակել, կնշանակի ստել ինքներս մեզ»,- ասում է Լիանա Եղիազարյանը։
***
-Հստակ է, որ կարգավորումը պիտի լինի։ Հիմա սպասում ենք հետազոտության արդյունքների, որովհետև դրանից կախված է լինելու, թե ինչպես ենք անում, ինչ ժամանակացույցով ենք անում և ինչ մեխանիզմներով,- ասում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
-Այսինքն՝ քննարկվում է ոչ թե կարգելվի, թե չի արգելվի, այլ ինչպե՞ս կարգելվի։
-Այո, ի՞նչ եղանակներով, չգիտեմ, գուցե տարիքային շեմի հետ կապված ինչ-որ հարցեր վերանայվեն, այսինքն, ենթաբովանդակությունը շատ կարող է վերանայվել, բայց այն, որ կարգավորում լինելու է այս առումով, միանշանակ։
ԿԳՄՍՆ, ՆԳՆ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու արհեստական բանականության, Աշխատանքի, սոցիալական հարցերի և բարեկեցության նախարարությունների ներկայացուցիչները մի քանի ամիս է՝ քննարկում են մինչև 16 տարեկան երեխաների համար սոցցանցեր մուտքն արգելելու հարցը։ Վստահ են, որ սա երեխայի սոցիալական ու թվային պաշտպանությանն ուղղված կարգավորում է լինելու։ Բայց վտանգի նվազեցման բարի ցանկությամբ ծնված այս գաղափարը վտանգի նոր շերտեր ևս պարունակում է։
«Կդժվարանամ ասել, որ շատ առաջընթաց ունենք, որովհետև դեռևս հետազոտության փուլում էինք։ Գործընկեր կառույցներ կան, որոնք հարցերի շրջանակ են առանձնացրել։ Դրանք ուսումնասիրվում են, որ պարզ լինի, թե, օրինակ, ի՞նչ տարիքային սահմանափակումներ լինեն, ո՞ր սոցիալական ցանցերի մասին պիտի լինի խոսքը։ Այս որոշումն իրականացնելու մեջ ամենաբարդն այն է, թե ինչպե՞ս պիտի վերահսկվեն այդ գործընթացները, որովհետև իրականում սոցիալական ցանցեր մուտք գործելու համար շատ հաճախ ուղղակի պահանջվում է նշել տարիք, և որևէ մեկը չի կարող վերահսկել, որ երեխան նշի իրականությանը չհամապատասխանող տարիք։ Եթե մենք փորձենք այդ դաշտ մտնել և խիստ նույնականացում իրականացնել բոլոր փուլերում, գուցե անձնական տվյալների հետ կապված որոշակի հարցեր առաջանան»,- ասում է պաշտոնյան։
Բառացիորեն ցանկացած արժեհամակարգ ունեցող մարդ համացանցում կարող է ծավալել բառացիորեն ցանկացած գործունեություն։ Եվ աշխարհը, որը նաև երեխաների համար սոցցանցային հաշիվներ էր բացել, սկսեց հաշվել դրա ռիսկերը։
Առաջին կտրուկ որոշումն Ավստրալիան կայացրեց։ 2025 թվականի դեկտեմբերի 9-ը վերջին օրն էր, երբ մինչև 16 տարեկան երեխաները կարող էին հաշիվ ունենալ սոցցանցերում։ Անցնող շաբաթվա ընթացքում երկու երկիր՝ Սլովակիան և Նոր Զելանդիան, պաշտոնապես արեցին այս ճանապարհի առաջին քայլը՝ պետական մակարդակով հայտարարեցին նման որոշում կայացնելու ցանկության մասին։
2026-ի սկզբին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց օրինագիծ, որն արգելելու էր մինչև 15 տարեկան երեխաներին օգտվել սոցցանցերից։ Կարգավորումը գործելու էր այս տարվա աշնանից։ Բայց առաջացավ «Իսկ ինչպե՞ս Ինստագրամը կամ ՏիկՏոկը պիտի հասկանան, որ մարդը, օրինակ, ոչ թե 15, այլ 14 տարեկան է» հարցը։ Նախատեսվեցին տարիքային ստուգման մեխանիզմներ ու հենց այդ պահին ծագեցին անձնական կյանքի, տվյալների պաշտպանության և ազատությունների խնդիրները։
Ստացվում է՝ երեխային սոցցանցերից պաշտպանելու համար պետք է դրանց ավելի շատ բան պատմես երեխայիդ մասին։ Օգոստոսի 14-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշեց, որ բացի վերահսկողություն իրականացնելու դժվարությունից՝ խնդիր է նաև այն, որ սոցցանցն այսօր տեղեկություն ստանալու, կարծիք արտահայտելու, հաղորդակցվելու ու հանրային կյանքին մասնակցելու միջավայր է, որից մարդուն կտրելը հակասահմանադրական է։
«Մենք խոսում ենք ոչ թե ինչ-որ բան պարտադրելու, այլ երեխաների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Դրա համար ես, եթե իմ անձնական մոտեցումն ասեմ, խիստ արգելքներին այնքան էլ կողմնակից չեմ, որովհետև դրանք, եթե նույնիսկ ամենալավ նպատակներով են արվում, այդպես չեն ընկալվում, և ակամա ցանկություն է առաջանում դրանք շրջանցել, և դրա համար է, որ մենք շատ ավելի փորձում ենք խոսել այն մասին, որ նպատակային գործածություն սովորեն երեխաները»,- ասում է Թամար Սարգսյանը։
Նման ցանկություն ուներ նաև քաղաքապետարանն ու 2025-ի սեպտեմբերին որոշեց՝ Երևանի դպրոցներում սմարթֆոնի օգտագործման սահմանափակում կգործի։
«1-6-րդ դասարանների սովորողներին բացարձակապես չթույլատրել դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում՝ խոսքը միայն հեռախոսների մասին չէ, այլ նաև պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների։ Կլինեն խիստ սահմանափակումներ՝ բացառապես կրթական նպատակով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ»,- հայտարարել էր քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։
Նույն իրականության զուգահեռ կողմում ԿԳՄՍ նախարարությունն աշակերտներին գրքեր էր տալիս, որոնք կարդալու-դիտելու-լսելու համար սմարթֆոն էր պետք։
«Երբ բովանդակության մեջ խորանում ենք, դրանք իրարամերժ հայտարարություններ չէին, որովհետև ԿԳՄՍՆ-ն հայտարարում է, որ դպրոցներում պետք է օգտագործվեն հեռախոսները և բոլոր տեսակի գաջեթները բացառապես կրթական նպատակներով, և Երևանի քաղաքապետարանը, կարծես, դրա ընթացակարգային մասով ավելի կոշտ հայտարարություն արեց, բայց ոչ թե դպրոցում հեռախոսն արգելելու, այլ հեռախոսների գործածությունը շատ խիստ և միանշանակ վերահսկելու»,- ասում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը։
Բայց, այնուամենայնիվ, ԿԳՄՍՆ-ն հաստատակամ է իր դիրքորոշման մեջ։ Տեխնոլոգիաների կիրառումը խրախուսող ուսուցիչները ողջունվում են, ճիշտ կիրառող երեխաները՝ բարձր գնահատվում։
«Դպրոցում կրթությունը չպետք է երեխայի առօրյայից խիստ տարբեր լինի և կապ չունենա այդ առօրյայի հետ, և եթե մենք այսօր ընդունում ենք որպես փաստ, որ երեխայի տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրներից մեկը տարբեր տեսակի գաջեթներն են, ապա մենք պիտի այդ գաջեթները սովորելու պրոցեսի մեջ ներառենք։ Իրականում ամենացածր ցուցանիշները գրանցում են այն երեխաները, որոնք ընդհանրապես չեն օգտագործում որևէ տեսակի էլեկտրոնային սարքավորումներից, և այն երեխաները, որոնք օգտագործում են օրական 4 կամ 5 ժամ ավելի, բայց ժամանցի նպատակով։ Այսինքն՝ խնդիրը ոչ այնքան սարքավորումների օգտագործման ժամանակն է, այլ նպատակը»,- ասում է նա։
***
«Ամենամեծ վտանգը հենց երեխաների միջև հետաքրքրությունն է, մեկը մյուսին ուղարկում է ինչ-որ կոնտենտ, ինչ-որ հղում, գրանցվում են, հետո դասարանական չաթերն են տեղափոխում սնապչաթ և այլն։ Ես մի օր, երբ հետազոտում էի, գուցե մի քիչ ուշացած հետազոտում էի՝ ի՞նչ է այդտեղ կատարվում, սարսափում էի, թե այդ ընկերության հղումների մեջ ի՞նչ անունով խմբեր կարող են լինել, ի՞նչ մարդիկ կարող են լինել։ Այսինքն՝ եթե դու փողոցում երեխայի ձեռքը բռնած անցկացնում ես, փողոցում ցույց է տալիս լուսացույցը, կարմիր կանաչը և դեղինը, ապա այս թվային լուսացույցը որևէ տեղ չի գործում, դու չգիտես՝ երեխային ինչպես սովորեցնել, շատ-շատ կարող ես ընդհանուր խորհուրդներ տալ»,- կարծում է Լիանա Եղիազարյանը։
Կիբերհաբի համահիմնադիր Արթուր Պապյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է երկիրների՝ համացանցի նկատմամբ վերաբերմունքն ու եզրակացրել․ երբ իշխանությունն ուզում է մարդուն զրկել սոցցանցային ազատությունից, սկսում է խոսել երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության մասին։
«Երբ դու մտածում ես՝ ո՞նց անես, որ երեխան հանկարծ մեքենայի տակ չընկնի, դու չես դնում արգելում մեքենաները, կամ չես ասում՝ երեխաները ոչ մի դեպքում ոչ մի փողոց պիտի չանցնեն։ Այդպես չի աշխատում։ Դու ծնողի վրա, հասարակության վրա պարտավորություն են դնում կարգավորել երթևեկությունը և կրթել երեխային, սովորեցնել՝ ինչպես անցնել փողոց, որպեսզի ինքը վտանգի տակ չհայտնվի։ Ինտերնետը նույնպիսի միջավայր է, ինչպես վտանգավոր փողոց»,- ասում է նա։
Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն օրերս հայտարարեց, որ Meta ընկերությունը 17 միլիարդ դոլար կվճարի և միջոցներ կձեռնարկի Facebook և Instagram հարթակներում երեխաներին պաշտպանելու ուղղությամբ՝ կատարելով դեռահասների շրջանում սոցիալական ցանցերից կախվածության վերաբերյալ դատական հայցի և 47 նահանգների կողմից ներկայացված պահանջները։
Պապյանն այս նորությամբ մտահոգված ծնողներին ասում է՝ սա ոչ թե ամենաթողության, այլ հենց վերահսկողության նշան է։
«Այն փաստը, որ Meta-ի նկատմամբ դատական պրոցես կա, նշանակում է, որ որոշակի օրենքներ գործում են։ Ինձ չի մտահոգում Meta-ն, երբ ասում են, որ պիտի Ինստագրամտ, Ֆեյսբուքը կարգավորեն, դա ինձ էդքան էլ չի մտահոգում, որովհետև իրենք, գուցե, ունեն խնդիրներ, բազմաթիվ բացթողումներ, բայց իրենք որոշակի օրենքների ենթարկվում են։ Ինձ շատ ավելի մտահոգում է, օրինակ, Տելեգրամը, որը չի կարգավորվում, չի պատասխանում որևէ կերպ, չի փորձում աշխատել։ Ինձ ավելի մտահոգում է X.com-ը, որտեղ բոտերին, շուլեռներին, աֆերիստներին անսահման ազատություն են տվել»,- նշում է մասնագետը։
***
Երեխային ոչ թե կյանքից պաշտպանել, այլ դրան պատրաստել է պետք։ Համացանցն ու սոցցանցերն այլևս անխուսափելի իրականություն են․ սերունդը, որը ծնված օրվանից առնչվում է սմարթֆոնի հետ, արդեն մոտ է չափահասության տարիքին։
Հիմա արդեն գրագետ դառնալու պահից սկսած արհեստական բանականությանը հարցեր տվող սերունդն է գալիս, որը հաստատ կկարողանա գտնել ցանկացած արգելք շրջանցելու ձևը։
Եվ բազմաթիվ փորձարկումներից հետո աշխարհը, գուցե, գա այն մտքին, որ վտանգն ավելի հեշտ է կանխել ոչ թե արգելքով, այլ վտանգի ու դրանից պաշտպանվելու միջոցների մասին գիտելիքի շերտերը լայնացնելով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արուսյակ Կապուկչյան