«Պատմական արդարության» թեմայի շուրջ սնամեջ, մերկապարանոց վեճը․ «Հայացք Երևանից»

Ենթադրենք՝ այն ժամանակ Փաշինյանի պես մտածող մարդիկ Խորհրդային Հայաստանի սահմաններով պետություն հայտարարեին, որտեղ 160 հազար ադրբեջանցի էր ապրում, այդ պետությունը կոնֆլիկտայի՞ն չէր լինելու: Ցանկացած նոր սուբյեկտի ստեղծում կոնֆլիկտային է: Պետություն ստեղծելն ինքնին պատմական արդարությո՞ւն է, թե՝ չէ, նույնը վերաբերում է այդ «Իրական Հայաստանին», հիմա դա պատմական արդարությո՞ւն է, թե՞ չէ, շտապեմ հանգստացնել, որ ըստ Փաշինյանի՝ դա պատմական արդարության վերականգնում է: Ասածս այն է, որ եթե մենք խոսում ենք քաղաքական կատեգորիաներով, ապա լրիվ այլ ձեւով ենք տեսնում այն իրականությունը, որը եղել է եւ կա, այլ ոչ այնպես՝ ինչպես ներկայացնում են թե՛ ՀՀ գործող իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:

Երկուսն էլ՝ չգիտեմ, թե ի՛նչ կատեգորիաներով են ներկայացնում իրականությունը, անհնար է հասկանալ, դրա համար էլ գործող իշխանությունն իրեն հաղթողի տեղ է դնում: Հետո՝ ի՞նչ է նշանակում ժողովուրդն է «պարտադրել» վերանայել 3-րդ Հանրապետության գաղափարաբանությունը, ի՞նչ է պարտադրել ժողովուրդը, շատ կարեւոր է ասել դա, ժողովուրդն ասել է՝ մենք չենք ուզում կոնֆլիկտի մեջ ապրե՞լ, եթե այդպես է, ապա դա ո՞վ է ժողովրդին սովորեցրել: Իսկ ո՞վ է ասել, որ այն Խորհրդային Հայաստանը, որ ինքն իրեն պետություն հայտարարեր, կոնֆլիկտային չէր լինելու, գուցե շատ ավելի դաժան լիներ: Այսինքն՝ ժողովուրդը պետք է հրաժարվե՞ր այդ պետությունից։

Այս հարցերին պետք է նայել այն կատեգորիաներով, որոնք ես նշեցի՝ ուժ, իրավունք, պայմանագիր: Այս ամենի համատեքստում կատարվել է այն, որ մի ինչ-որ պահից ՀՀ-ն հրաժարվել է այն միջազգային դասավորությունից, որը ստեղծվել է 1992 թվականին՝ Խորհրդային Միության քանդվելուց հետո՝ այն, ինչ ես նկարագրեցի վերը: Հրաժարվել են այդ ամենից ու, իրենց պնդմամբ, եկել են խաղաղության, իսկ իրականությունը ո՞րն է, արդեն կյանքը ցույց կտա: Չի կարելի ապաքաղաքական կատեգորիաներով փորձել բացատրել այսօրվա Հայաստանի վիճակը եւ, ընդհանրապես, նորագույն պատմությունը, ինչն անում է Նիկոլ Փաշինյանը:

Տպավորություն է, որ նման ձեւակերպումներով Փաշինյանը փորձում է պարզապես արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում տեղ գտած հակոտնյա երեւույթները՝ ամոթալի պարտություններից ու Արցախի կորստից մինչեւ Հայաստանի ինքնիշխան տարածքների մասնատում եւ հատված առ հատված փոխանցում թշնամի պետությանը: Իրականում սա տպավորություն չէ, Փաշինյանը հենց այդպես էլ մտածում է եւ հանուն իր աթոռի պահպանման, գնում ցավալի զիջումների, ինչը շատ վտանգավոր է: Ցանկացած իշխանություն՝ առավել եւս այս վիճակում գտնվողը, նման կորուստներով կփորձի ինքն իրեն արդարացնել՝ մեղքը գցելով ում վրա ուզեք:

Բայց խնդիրը միայն ինքնարդարացումը չէ: Պակաս խնդրահարույց չէ, երբ ջանում են ապաքաղաքական, կենցաղային պատկերացումներով ներկայացնել Հայաստանի վիճակը: Բանը հասել է այնտեղ, որ կենցաղային կատեգորիաներով մտածող ժողովուրդն է երկրի ղեկավարին սովորեցնում, թե ինչ բովանդակությամբ ծրագիր է հարկավոր գրել առաջիկա հինգ տարիների համար: Այս փոքրիկ օրինակը վերահաստատում է վերը մեր նկարագրած պատկերը՝ ՀՀ-ում հիմա իշխանությունը եւ ընդդիմությունը գործում են ապաքաղաքական կատեգորիաներով: Նույնն էլ իրենց հորինած «պատմական արդարության» թեմայի շուրջ սնամեջ, մերկապարանոց վեճն է, որը եւս ապաքաղաքական կատեգորիաներով մտածելու եւ գործելու արգասիք է:

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment